Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը երեկ, ամփոփելով տարին, հայտարարեց, որ նախորդ տարվա համեմատ 10 անգամ ավելի շատ ֆինանսական տուգանքներ են սահմանել իրավախախտ տնտեսվարողների նկատմամբ եւ պետական բյուջե են մուտքագրել ավելի քան 170 մլն դրամ: Ըստ պարոն Շաբոյանի` ՏՄՊՊՀ-ն դեռ երբեք չի պարտվել դատարաններում:
Շաբոյանը վստահեցրեց, որ Ամանորի նախաշեմին իրենք բացառելու են գների անբարեխիղճ բարձրացումն ու էլ ավելի խիստ վերահսկողություն են սահմանելու սննդի, հատկապես ձվի շուկայում. «Եթե անցած տարվա վիճակը կրկնվի, մենք շատ ավելի խիստ ենք լինելու, եւ կարծում եմ` տնտեսվարողներն այնքան ողջամիտ կլինեն, որ ձեռնպահ կմնան նման գործողություններից»: Բայց, չգիտես ինչու, ՏՄՊՊՀ-ն տվյալ դեպքում միայն խոսում է, իսկ շուկայում սննդամթերքի գներն օրեցօր բարձրանում են (դրանց մասին «Ժողովուրդ»-ը գրել է):
«Աշտարակ կաթ» ընկերության ներկայացուցիչները երեկ ՏՄՊՊՀ-ի՝ իրենց տուգանելու քայլը որակել են դիտավորյալ արված գործողություն, որով նպատակ է դրվել ստվեր գցել տարիների ընթացքում ընկերության ձեռք բերած բարի համբավի վրա: Եթե մի քիչ խորը նայենք, ապա կհասկանանք, որ բարի համբավն այստեղ այնքան կարեւոր չէ, որքան այն, որ նախատոնական օրերին ՏՄՊՊՀ-ի կողմից արված նման քայլը, ըստ էության, խնդիր է դրել այդ ապրանքատեսակի վաճառքը դադարեցնել կամ գոնե նվազեցնել: Հանձնաժողովը «Աշտարակ կաթ»-ից պահանջում է 5 օրվա ընթացքում խանութներից հավաքել «իրավախախտ ընկերության» ապրանքատեսականին: Նշենք, որ «Աշտարակ կաթ»-ը զբաղեցնում է շուկայի մոտ 35 տոկոսը:
Ըստ ընկերության տնօրեն Ստեփան Ասլանյանի` կաթնամթերքի արտադրությունն ընկերությանը շահույթ չի բերում, իրենք վնասով են աշխատում: Նրան պարզապես վրդովեցրել էր իրենց տուգանելու մասին ՏՄՊՊՀ-ի որոշումը:
Հանձնաժողովն ընկերությանը տուգանել է 50 միլիոն դրամով` կաթնամթերքի մեջ կոկոսի յուղ եւ կաթի փոշի օգտագործելու համար: «Մենք պաշտոնապես հայտարարում ենք, որ «Աշտարակ կաթ»-ի ավանդական տեսականու մեջ` կաթ, մածուն, թթվասեր, կաթնաշոռ, իսպառ բացակայում են բուսական յուղերը»,-հայտարարեց Ստեփան Ասլանյանը: Խոսքը գործով ապացուցելու համար նա կոչ արեց մտնել ցանկացած խանութ, գնել «Աշտարակ կաթ»-ի ցանկացած կաթնամթերք եւ տանել փորձաքննության: Ընկերության տնօրենը վստահեցնում է, որ արդյունքում ոչ մի խախտում չի հայտնաբերվի: Նա խիստ կասկածի տակ դրեց ՏՄՊՊՀ-ի գործունեությունը` պահանջելով նրանից լաբորատոր փորձաքննության արդյունքները` միաժամանակ հայտարարելով, որ հանձաժողովն իրենց ոչ մի թուղթ էլ չի ներկայացրել:
«Ժողովուրդ»-ի կողմից մնում է միայն հավելել, որ թերթը դեռ ամիսներ առաջ էր տեղեկացրել, որ «Աշտարակ կաթ» ընկերությունը բնական կաթի փոխարեն օգտագործում է կաթի փոշի, իսկ բնական կաթն արտահանում է երկրից: Մեր այս հրապարակումից ընկերությունում դարձյալ խառնաշփոթ էր, բայց ՏՄՊՊՀ-ն որոշեց միայն հիմա` Ամանորի նախաշեմին, «խարդախներին» բացահայտելու «օպերացիա» իրականացնել: Տեսնես ինչո՞ւ հիմա:
«ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹ»-Ը ԴԻՄԱԴՐՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՆԱՐԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ