ՍԵՎ ԳՈՐԾԻ ՈՍԿԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ քաղաքակիրթ աշխարհը պայքարում է մթնոլորտի աղտոտման դեմ, հանուն մաքուր բնական միջավայրի,  Տավուշի մարզի անտառամերձ սահմանային գյուղերը 17-րդ դարի Սիբիրն են հիշեցնում` իրենց մետալուրգիական սեւ գործարաններով: Տավուշի մարզում Երեւանի խորովածանոցների եւ ռեստորանների համար պատրաստվում է փայտածուխ:
Փայտածուխի արտադրամասեր են գործում Ազատամուտ, Վազաշեն, Սեւքար համայնքներում: Իջեւանի տարածաշրջանի Ազատամուտ գյուղը նախկինում  քաղաքատիպ ավանի կարգավիճակ ուներ: Այն հիմնվել է բենտոնիտի փոշու վերամշակման գործարանի հենքի վրա: Ներկայումս այս ձեռնարկությունը չի աշխատում: Երիտասարդները ստիպված են գործ գտնել: Աղստեւ գետի ափին ծխի  բազմաթիվ քուլաներ են վեր հառնում, փայտածուխի մոտ մեկ տասնյակ արտադրամասեր են գործում: Դրանք մուր եւ ծուխ են «ժայթքում»` թունավորելով այդտեղ աշխատող բանվորների կյանքը: Հարեւան Վազաշեն գյուղում անցյալ տարի թոքախտով հիվանդ մեկը, չկարողանալով կերակրել բազմանդամ ընտանիքը, իր տան բակում փայտածուխի արտադրամաս է  ստեղծել` թունավորելով շրջակայքը: Փայտածուխի արտադրությամբ սահմանագոտում մի քանի տասնյակ մարդ փող է աշխատում, մոտ հարյուր մարդ էլ, կյանքը թունավորելով, օրվա հացի փող: Մարզի օդն աղտոտվում է: Տավուշի մարզային բնապահպանական պետական տեսչության պետ Մուշեղ Մուրադյանին հարցրեցինք, թե այդ արտադրամասերն արդյոք օրինական են գործում: Նա ասաց, որ իր պաշտոնավարման շրջանում (նա պաշտոնավարում է ավելի քան մեկ տարի) ուսումնասիրություններ են կատարել եւ հարկային դաշտ բերել վեց հոգու, ովքեր փայտածուխ են արտադրում: Նրա խոսքերով` հաճախ դժվար է լինում այդ արտադրությունների տերերին հայտնաբերել, քանի որ աշխատող բանվորները չեն ուզում բացահայտել գործատիրոջ ինքնությունը: Տեսչության պետին հարց ուղղեցինք նաեւ մթնոլորտի եւ շրջակա միջավայրի աղտոտման մասին: Մուշեղ Մուրադյանն ասաց, որ իրենք լաբորատոր սարքավորումներ չունեն, որ չափեն փայտածուխ արտադրողների կողմից արտանետումների չափը: Հավելենք, որ ոչ մի սարք հարկավոր չէ համոզվելու համար, որ դրանք բնության եւ մարդկանց առողջության համար վտանգավոր են: Հայաստանի Հանրապետությունը բնական միջավայրի  պահպանության համար միջազգային զանազան փաստաթղթեր է ստորագրում, սակայն հաճախ ստանձնած պարտավորություններն այդպես էլ մնում են թղթի վրա: Տավուշի մարզի փայտածուխի «ցեխերը» դրա վկայությունն են: Ի վերջո, համապատասխան ատյանները շատ լավ տեղյակ են, թե ում գրպանն է հոսում «սեւ գործի» դեղին ոսկին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս