«ԿԱՐԵՎՈՐՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆՆ Է»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նկարչուհի ԼՈՒՍԻԿ ԱԳՈՒԼԵՑԻՆ սիրով ներկայացրեց, թե ինչպես են մեր նախապապերը նշել հայկական ավանդական Նոր տարին:
-Ամանորն ընտանեկան տոն է: Նրանք, ովքեր իրարից վիրավորված ու գժտված են եղել, աշխատել են հաշտվել Նոր տարուն: Հին ժամանակներում հայերը Նոր տարվա պատրաստությունները սկսել են դեռ ամառվանից. թութը հասնելուն պես մեր տատերը սկսել են չրեր պատրաստել: Տարվա ընթացքում կամաց-կամաց հավաքել են Նոր տարվա պաշարը: Մի շատ գեղեցիկ ավանդույթ էլ է եղել: Հունվարի 1-ին ամեն մի տղամարդ պետք է գնար անտառ ու մի գերան կտրեր, բերեր: Գերանի գաղափարն այն էր, որ բնության մեջ մեծարում էին ծառի խորհուրդը: Ծառը մարդուն կերակրում է իր պտուղով, իսկ կտրած ծառը կրակ է տալիս, ջերմացնում: 6 օր այդ գերանը վառվում էր հայ օջախներում: Ի դեպ, միս էլ չեն կերել, պաս են պահել, օգտագործել են միայն բուսական ուտեստներ:
-Ձեր պատմածից հասկանալի էր, որ հին ժամանակներում եւ հիմա տոնը դիմավորելու կարգը բավականին տարբեր է եղել:
-Այո՛, մարդիկ այլ կերպ են ընկալել տոնը, ավելի հոգեւոր նշանակություն են տվել, ոչ թե փորձել են սեղանները ծանրաբեռնել: Մեր սեղաններին հիմա տարատեսակ մսեղեն ենք դնում, բայց նախկինում մարդիկ միս չեն կերել, հավ կամ հնդուհավ հնարավոր է` մորթեին, բայց ոչ խոզի բուդ:
-Իսկ տոնածառ դրե՞լ են:
-Արեւմտյան Հայաստանում կլոր գաթա են թխել, որն արեւի նշանն է եղել, ու այդ գաթայի մեջ մի ճյուղ են տնկել, հետո այդ ճյուղի վրա տան ամեն մի անդամ կապել է իր մազը, այնուհետեւ կախել են նուշ, կոնֆետ, քաղցրավենիք… Կարող էին նաեւ այդ ծառը գիշերը վառել թոնրի մեջ: Այս ամենի գաղափարը կյանքի սկիզբն ու մահն էր: Իսկ գիտե՞ք, թե ինչու են գերմանացիները եղեւնի վերցրել, որովհետեւ այն եռանկյունի է, կանաչ, ու նրա ճյուղերը խաչի նման են:    
-Հնո՞ւմ էլ այսօրվա պես բոլորը միմյանց տուն են գնացել:
-Իրար  տուն գնալն իրար հարգել ու սիրել, միմյանց ընդունել ու միասնական կապ է խորհրդանշել: Ամանորին քո տուն կարող է այնպիսի մարդ գալ, որ տարվա ընթացքում նրան չես էլ տեսել: Ու կարող է նա բարօրություն բերել քո ընտանիքին: Որ ասում են ` ոտքը խերով էր, հո հենց էնպես չե՞ն ասում:
Այն ժամանակ հետաքրքրություններ շատ չեն եղել, մարդիկ, անկախ իրենցից, ինչ-որ բաներ են մտածել, գուշակություններ արել, խաղեր խաղացել, բայց ամեն ինչի մեջ գաղափար է եղել: Իսկ այսօր հեռուստատեսությունը մեզ խորհուրդ է տալիս այսպես կամ այնպես ապրել: Մենք էլ օրվա խորհրդով ենք ապրում, ոչ ապագայի:
Նախկինում աղջիկ երեխային հենց մանկուց դաստիարակել են, թե ինչպիսին պետք է լինի, իսկ այսօր աղջիկն է որոշում, թե ինքն ինչպիսին է ուզում լինել: Կյանքը եղել է դաստիարակչական: Իսկ ի՞նչ է տալիս մեզ այսօրվա մեր հեռուստատեսությունը, ինչպե՞ս է դաստիարակում: Ով ինչ ուզում է, դա է վերցնում, իսկ առաջ միատեսակ բաներ են եղել:
-Ինչպիսի՞ ծիսակարգով եք պատրաստվում Ձեր տանը նշել Նոր տարին:
-Ասեմ, որ տարվա ընթացքում ես պատրաստում եմ ամեն ինչ` սկսած չրերից: Հայ ընտանիքում ամենակարեւորը չիրն է, մենք հարուստ ենք դրանով: Պատրաստում ես նաեւ տարբեր մուրաբաներ: Դրանցից բացի, մնում է օրվա կարեւոր բաները պատրաստես, դա կլինի խաշլամա կամ մեկ այլ ազգային ճաշատեսակ, նայած ցանկության եւ հնարավորության: Չպետք է մտածես, որ անպայման պարտք անես, որ Նոր տարի նշես:
-Փաստորեն, Ձեր տոնական սեղանին չի լինելու հայերի համար այդքան պարտադիր խոզի բուդը:
-Դա հեչ կարեւոր չէ, կարեւորն ընտանիքի միասնությունն է: Հնարավոր է` սեղանիդ միայն պանիր ու հաց դնես, բայց լավ մթնոլորտ լինի, շատ քիչ ուտելիքով դու այնպիսի  սեղան պատրաստես, որ մտնողը հաճույք ստանա քո արածից:
Ես կահկարասիքն եմ դնում եւ ինչ ունենում եմ այդ տարի, դա էլ տեղ է գտնում մեր սեղանին: Հնարավոր է` ամեն ինչ էլ լինի, բայց ոչ սեղանի վրա ցուցադրական, այլ սառնարանի մեջ:
-Իսկ տոնածառը կանաչ եղեւնի՞ է լինելու:
-Ես ունեմ իմ ձեռքով գործած ցորենի ծառ: Նոր տարուն այն զարդարում եմ ծիսական տիկնիկներով: Այդ ծառի կողքին դնում եմ իմ աճեցրած դդումները, իմ այգու պտուղները: Իսկ ծառի վրա առաջին հերթին լինում է կարմիր խնձորը չիչխանի ճյուղ, աքլորակատար` շատ կարեւոր մի բան ծիսական ծառի վրա: Մարդիկ պետք է իմանան ազգային ծիսակարգերը:
Թող ամեն մարդ իմանա, որ այս երկիրը դրախտ է, որտեղ ինքը կարող է արարել ու մի լավ բան թողնել: Իսկ արժեքները փորձենք պահպանել: Մենք այնքան հին ազգ ենք, չկորցնենք մեր ազգային ակունքները, լինենք իմացական:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս