Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ շարունակվում է շինարարական հրապարակների կազմակերպման պայմանների նկատմամբ ամենօրյա հսկողությունը: Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ շինարարական հրապարակների կազմակերպման անհրաժեշտ պայմաններ ապահովելու վերաբերյալ կառուցապատող շուրջ 100 կազմակերպության գրավոր նախազգուշացումներ են ուղարկվել:
Բացի այդ, թերացողների նկատմամբ կազմվել է 18 արձանագրություն: Հանձնարարվել է ձևավորել համապատասխան աշխատանքային խմբեր և առավել ուժեղացնել իրականացվող հսկողությունը:
«Վերջին երկու տարիների ընթացում մայրաքաղաքում ձևավորված նոր մշակույթի համաձայն՝ շինհրապարակները սահմանազատվում են պաստառներով: Այս մոտեցումը պետք է կիրառվի թե՛ մեծ և թե՛ փոքր մասշտաբի շինարարությունների դեպքում, ընդ որում՝ ոչ թե ձևական բնույթ պիտի կրի, այլ լիարժեք ծառայի իր նպատակին:
Այսինքն, խոշոր շինհրապարակը պետք է սահմանազատվի ոչ թե փոքր պաստառապատնեշով, որն, ըստ էության, չենք կարող սահմանազատում համարել, այլ խոշոր պաստառաշերտով, ինչպիսիք կիրառում են մեր որոշ բարեխիղճ կառուցապատողներ: Սա կարևոր է ինչպես քաղաքացիների անվտանգության ու մայրաքաղաքի արտաքին տեսքի ապահովման, այնպես էլ էկոլոգիական տեսանկյունից: Սույն նորմի պահպանումը պետք է դառնա պարտադիր պայման նաև շինթույլտվություններ տրամադրելիս»,-ընդգծել է Տարոն Մարգարյանն ու հանձնարարել խոտորեն վերահսկել շինհրապարակների կազմակերպման նորմերի պահպանման գործընթացը:
Զեկուցվել է, որ շարունակվում է սանիտարական ոչ պատշաճ վիճակում գտնվող հողատարածքները սեփականատերերի, վարձակալների և կառուցապատողների կողմից մաքրելու և բարեկարգելու ուղղությամբ հսկողությունը: Հանձնարարվել է անբարեխիղճ վարձակալների նկատմամբ նախաձեռնել համապատասխան գործընթաց և օրենքով սահմանված կարգով հետ վերադարձնել ժամանակին վարձակալության տրամադրված տարածքները: Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ կապալառու կազմակերպությունների միջոցների հաշվին մայրաքաղաքում շարունակվում են փոսալցման և ճաքալցման աշխատանքները:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է մինչև փողոցների հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը իրականացնել ոչ միայն կենտրոնական, այլև երկրորդական և երրորդական փողոցների փոսալցումն ու ճաքալցումը: Սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի հետ կապված՝ եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետը զեկուցել է, որ սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը գերազանցել է 100 տոկոս ցուցանիշը: Ընդ որում, վարչական շրջանների մասով, բացառությամբ Կենտրոն վարչական շրջանի, մյուս բոլոր վարչական շրջաններն ապահովել են հավաքագրման 100 տոկոսը:
«10 տարվա ընթացքում առաջին անգամ է, երբ տարեսկզբից սկսած 4 ամիս անընդմեջ սեփական եկամուտների հավաքագրման մասով բյուջեի կատարողականն անցնում է 100 տոկոսի շեմը: Սա կարևոր ձեռքբերում է, և մինչև տարեվերջ պետք է շարունակենք հետևողական աշխատանք տանել՝ տարին լավագույն ցուցանիշով ավարտելու համար: Բայցև մտահոգիչ է, որ մեկ վարչական շրջան չի կարողանում կատարել իր առջև դրված խնդիրը: Պետք է լինել ավելի խիստ և պահանջկոտ: Ընդամենը մեկ ամսից կիսամյակ ենք ամփոփելու, ուստի պետք է հետևություններ անեք և անհրաժեշտության դեպքում նախաձեռնեք համապատասխան փոփոխություններ», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներն ամռան ամիսներին չեն գործելու, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերքել է և ընդգծել, որ այդ տեղեկությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը և որ բոլոր մանկապարտեզները շարունակելու են իրենց բնականոն աշխատանքը:
Քաղաքապետը միաժամանակ հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել մանկապարտեզներում ավարտական հանդեսների շրջանակում ավարտական խմբերի սաներին պայուսակների և գրենական պիտույքների տրամադրման գործընթացը պատշաճ կազմակերպելու ուղղությամբ:
Առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ «Ձեզ համար, կանայք» առողջապահական ակցիայի շրջանակում բուժհաստատություններ դիմած և նախապես վիրահատության ուղեգրված բոլոր կանանց ցուցաբերվել է համապատասխան բուժօգնություն և, ըստ այդմ, գործընթացն ամբողջությամբ ավարտվել է:
Մայրաքաղաքում ընթացող կանաչապատման աշխատանքների մասով զեկուցվել է, որ վարչական բոլոր շրջաններում խոտհունձ է կատարվում: Զուգահեռաբար քաղաքային ջերմատնից ծաղկապատման համար նախատեսված տարածքներ են տեղափոխվում ծաղկասածիլները: Ընթացքի մեջ է և մինչև մայիսի վերջ կշարունակվի նաև վարդերի թփերի տեղադրումը:
Մինչև հունիսի երկրորդ կեսն էլ կշարունակվեն ծառերի բուժման աշխատանքները: Զեկուցվել է, որ նախորդ շաբաթ մայրաքաղաքում գրանցվել է ապօրինի ծառահատման մեկ դեպք, որի մասով վարչական շրջանի կանաչապատման ձեռնարկության աշխատակիցների կողմից տեղում կազմվել է համապատասխան արձանագրություն, իսկ գործի առնչությամբ նյութերն ուղարկվել են Երևան քաղաքի դատախազություն:
Փողոցների, զբոսայգիների և այլ տարածքների մաքրման աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով քաղաքապետը հանձնարարել է կազմակերպել շաբաթօրյակներ՝ ներգրավելով քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցների աշխատակիցներին: Հանձնարարվել է գույքագրել նաև մայթերին առկա աղբամաններն ու, ըստ անհրաժեշտության, լրացնել դրանց քանակը նոր աղբամաններով:
Քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում կազմակերպվող քաղաքացիների ընդունելությունների ընթացքում բարձրացված հարցերին և դրանց տրված պատասխաններին անդրադառնալով՝ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը զեկուցել է, որ ապրիլ ամսվա ընթացքում ընդհանուր առմամբ իրականացվել է 578 քաղաքացու ընդունելություն:
Բարձրացված հարցերի մեծ մասին տրվել են դրական լուծումներ, 79 հարց ընթացքի մեջ է: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է բնակիչների հետ նաև հետադարձ կապ ապահովել:
«Քաղաքապետարանում, ինչպես նաև վարչական շրջաններում կազմակերպվող ընդունելությունների եկած անձանց հետ անհրաժեշտ է նաև հետադարձ կապ ապահովել, որպեսզի կարողանանք գնահատել, թե որքան են բնակիչները գոհ ընդունելության արդյունքից և բարձրացված այս կամ այն հարցի լուծումից:
Նման աշխատակարգի կիրառումը մեծապես կնպաստի ընդունելություններն առավել արդյունավետ դարձնելուն և մեր համաքաղաքացիների հետ կապն առավել ամրապնդելուն»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Մայիսյան եռատոնի կապակցությամբ քաղաքապետը հանձնարարել է վարչական բոլոր շրջաններում կազմակերպել և անցկացնել տոնական միջոցառումներ: Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս մայրաքաղաքում կանցկացվի «Երևանյան ամառ» միջոցառումների ծրագիրը, որը կմեկնարկի հունիսի 1-ից և կշարունակվի մինչև օգոստոսի 31-ը:
Այդ նպատակով քաղաքապետը հանձնարարել է կազմել միջոցառումների հստակ ծրագիր և ժամանակացույց: Հանձնարարվել է նաև նախապատրաստական աշխատանքներ տանել երեխաների պաշտպանության միջազգային օրվա՝ հունիսի 1-ի կապակցությամբ միջոցառումների կազմակերպման ուղղությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն