ԴԱՀԿ-ն նշում է հարկադիր կատարողի օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 5-ը հարկադիր կատարողի օրն է: Մասնագիտական տոնին ընդառաջ ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում այսօր տեղի ունեցավ առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձանց երդման և ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողություն:

Ծառայության 20 աշխատակից երդվեց հավատարմորեն ծառայել Հայաստանի ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը, անվերապահորեն և բարեխղճորեն կատարել ստանձնած պարտականությունները:

Շնորհավորելով ծառայության նոր աշխատակիցներին` ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը հույս հայտնեց, որ կարճ ժամանակում նրանք աշխատանքային հունի մեջ կմտնեն և ըստ արժանվույն կծառայեն մեր պետությանը և ժողովրդին:

«Բարի գալուստ եմ մաղթում բոլորիդ: Մենք ձեզ մեր ընտանիք ենք ընդունում որպես լիարժեք անդամի, և բոլոր հարցերում պետք է միմյանց նեցուկ լինենք: Շատ կարճ ժամանակահատվածում կտեսնեք, որ ձեր ղեկավարությունը ձեզ հետ է ամեն հարցում, օժանդակում է յուրաքանչյուր նախաձեռնություն: Դուք կրում եք ուսադիր, որովհետև կատարում եք առաքելություն, որն օրենքով է նախատեսված հարկադիր կատարման ծառայողների համար: Ամենակարևորն է՝ հասկանալ ու գիտակցել, որ առաջին հերթին ծառայում եք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին»,- Ծառայության նոր աշխատակիցներին ուղղված շնորհավորանքի խոսքում ասել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը:

Երդման հանդիսավոր միջոցառմանը հաջորդեց ԴԱՀԿ ծառայության վերակառուցված և տեխնիկապես վերազինված մի շարք բաժինների վերաբացման արարողությունը: Այսուհետ նրանք կաշխատեն էլ ավելի բարելավված աշխատանքային պայմաններում: ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը շրջայց է կատարել վերանորոգված բաժիններում, ծանոթացել աշխատանքային նոր պայմաններին և հնարավորություններին:




Լրահոս