ՀԱՐՑ. Ամուսինս պատերազմական գործողությունների ժամանակ ստացած հիվանդությունից 1996 թվականին մահացել է: Ստանում եմ ՊՆ-ի կողմից տրվող 10.000 դրամ նպաստ, արդեն չորս ամիս է, ինչ այն պետք է եռակի բարձրանար, սակայն մինչ օրս ոչ մի փոփոխություն չկա: Պահանջված բոլոր փաստաթղթերը ներկայացրել եմ նշված ժամկետում, ուզում եմ իմանալ, թե որն է պատճառը, որ ձգձգվում է: Կխնդրեի մի փոքր մանրամասնել:
տնային տնտեսուհի
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2011 թվականի մայիսի 5-ի N 668-Ն հաստատված որոշում կա, որտեղ մանրամասն նշվում են զինծառայողներին եւ նրանց ընտանիքի անդամներին տրվող ամենամյա դրամական օգնության չափերը` ըստ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող կատեգորիաների` դրամական օգնություն նշանակելու եւ վճարելու կարգը: Ըստ այդ որոշման` ավելացումն արդեն կատարվել է, վերահաշվարկը կատարված է, եւ քաղաքացին կարող է հենց հիմա էլ գնալ իր տարածքային զինկոմիսարիատ եւ իր հասանելիք գումարը ստանալ:
պաշտպանության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ակնհայտ է, որ մեր նամակագիրը բազմաթիվ դռներ ապարդյուն թակելուց հետո ստիպված է եղել դիմելու խմբագրությանը, քանի որ այլ ելք այդպես էլ չի տեսել: Տարօրինակ է, սակայն, ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության ներկայացրած պարզաբանման մեջ առկա ինքնավստահությունը, որից այդպես էլ չի հասկացվում, թե այդ ինչպես կարող են քաղաքացիները ստանալ իրենց հասանելիք գումարները, ինչպես է կատարվել վերահաշվարկը, երբ քաղաքացին խիստ որոշակիորեն թվարկում է այդ ուղղությամբ իր կատարած քայլերը եւ նշում, որ առայժմ տեղաշարժ չկա: Ամեն դեպքում, Սիլվա Կարապետյանը երեւի թե նորից ու նորից պետք է դիմի նշված կառույցին, մինչեւ որ խնդիրը վերջնականապես լուծվի: