Մայիսի 5-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հրավերով պաշտոնական այցով ժամանեց Թեհրան: Նույն օրը Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Իրանի նախագահն ասաց, որ երկու երկրները 20 տարվա ընթացքում իրենց հարաբերություններում լավ ձեռքբերումներ են ունեցել, բազմաթիվ համատեղ ծրագրեր են իրականացրել և կա երկուստեք ցանկություն առավել ընդլայնելու համագործակցությունը։
Էդվարդ Նալբանդյանն Իրանի Նախագահ Հասան Ռոհանիին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը և Երևան այցելելու հրավերը: Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահը խնդրեց իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները հաղորդել Հայաստանի Հանրապետության Նախագահին: Իրանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն հայտնեցին երկու երկրների միջև զարգացող համագործակցության առումով, քննարկեցին բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների և համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքը։
Թեհրանում կայացան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի բանակցությունները, որոնք մեկնարկեցին առանձնազրույցի ձևաչափով, ապա շարունակվեցին պատվիրակությունների մասնակցությամբ: Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ ուրախ է իր գործընկերոջն ընդունել Թեհրանում և քննարկել բարեկամական հարաբերությունների առավել զարգացման ուղիները:
Էդվարդ Նալբանդյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծեց, որ վերջին տարիների ընթացքում արդեն իններորդ անգամ է այցելում Թեհրան, նույն ժամանակահատվածում ԱԳ նախարարների մակարդակով Երևանում, Թեհրանում և տարբեր միջազգային հարթակներում կայացել է շուրջ երեք տասնյակ հանդիպում, ինչը հնարավորություն է ստեղծել առաջ մղելու երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ քաղաքական երկխոսությունը։
Հայաստանի և Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին առևտրատնտեսական համագործակցության խթանման, տարբեր համատեղ ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։ Նախարարներն անդրադարձան Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի, Մեղրիի հիդրոէլեկտրակայանի, Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման նախագծերին: Բանակցություններին հանգամանալից քննարկման առարկա դարձան միջազգային օրակարգի հարցեր: Նախարար Զարիֆը ներկայացրեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների վերջին զարգացումները:
Այս առումով նախարար Նալբանդյանը, ողջունելով անցյալ նոյեմբերին Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունները, հույս հայտնեց, որ բոլոր կողմերի ջանքերի շնորհիվ նախատեսված ժամկետներում հնարավոր կլինի ձեռք բերել խնդրի համապարփակ կարգավորում, ինչը կարևոր ձեռքբերում կհանդիսանա Իրանի, տարածաշրջանի և ողջ միջազգային հանրության համար: Նախարարներ Նալբանդյանն ու Զարիֆը մտքեր փոխանակեցին սիրիական ճգնաժամի և դրա կարգավորման հնարավոր ուղիների շուրջ։ Զրուցակիցները անդրադարձան Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներին։ Հայաստանի արտգործնախարարն Իրանի իր գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից ձեռնարկվող ջանքերը, ընդգծելով այդ հարցում Իրանի հավասարակշռված դիրքորոշման կարևորությունը: Բանակցությունների ավարտին Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարները հանդես եկան մամուլի համար հայտարարություններով։ Ի պատիվ ՀՀ արտգործնախարարի` նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը պաշտոնական ճաշ տվեց արտաքին գործերի նախարարությունում: Նույն օրը Թեհրանում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:
Հանդիպմանը նախարար Նալբանդյանը կարևորեց երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում ՀՀ և ԻԻՀ օրենսդիր մարմինների արդյունավետ համագործակցությունը: Ալի Լարիջանին խնդրեց իր շնորհավորանքները փոխանցել ՀՀ վարչապետ նշանակված իր նախկին գործընկերոջը` Հովիկ Աբրահամյանին և ԱԺ նախագահ ընտրված հայ-իրանական խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գալուստ Սահակյանին։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի հարցերի շուրջ, անդրադարձան մի շարք տարածաշրջանային խնդիրների:
Նույն օրը երեկոյան Էդվարդ Նալբանդյանն այցելեց նաև «Արարատ» մարզամշակութային համալիր, որտեղ հանդիպում ունեցավ իրանահայ կառույցների ղեկավարների հետ:
ԱԳՆ