Ուզում եմ, որ հաղթենք. Կարգին Հայկո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում այսօր կկայանա «Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը, որում առաջին համարի ներքո հանդես կգա Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ն՝ «Not Alone» երգով:

Հիշեցնենք, որ այս տարի իրենց ուժերը կփորձեն 37 երկրների ներկայացուցիչներ: Երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 8-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 10-ին: Ողջ շոուն կհեռարձակվի ուղիղ եթերով:

Ավելորդ չենք համարում նշել, որ ընդհանուր առմամբ՝ այս տարի «Եվրատեսիլ»-ի YouTube-ի ալիքում մասնակից երգերի տեսահոլովակների դիտումների քանակով «Not Alone»-ն առաջատարն է՝ ավելի քան 2 միլիոն 600 դիտում ցուցանիշով:

Բացի այդ՝ միջազգային բուքմեյքերական ընկերությունները, ամենատարբեր վարկանշային կայքեր առաջատար հորիզոնականներում տեսնում են Հայաստանի պատվիրակին: Երկու օր առաջ Արամ MP3-ն երկրորդ փորձն էր անցկացրել Կոպենհագենում, որից հետո պատասխանել էր լրագրողների հարցերին: Նա մասնավորապես, ասել էր, որ մտադիր է ելույթի ժամանակ հետաքրքիր տեսաշար ներկայացնել, որը մշակել են թիմի հետ:

Իսկ արդեն կիրակի երեկոյան Կոպենհագենում մեկնարկեց «Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթը: Մասնակից երկրների ներկայացուցիչները և պատվիրակության անդամներն անցան 70 մետրանոց կարմիր գորգի վրայով: Շքերթը գլխավորում էր «Եվրատեսիլ-2013»-ի հաղթող դանիացի Էմիլի դը Ֆորեսթը:

Նրանից հետո անցան 37 մասնակից երկրների պատվիրակությունները, այդ թվում՝ Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ը՝ հայկական պատվիրակության հետ:

Evratesil-2014

Արամ MP-3-ի, նրա երգի, ինչպես նաև՝ իրականացված շրջագայությունների մասին խնդրեցինք կարծիք հայտնել ճանաչված ու սիրված դերասան Հայկ Մարությանին (Կարգին Հայկո):

«Ես շատ եմ հավանում Արամ MP-3-ին, որովհետև անձամբ գիտեմ, ճանաչում եմ: Շատ լավ տղա է, և ուզում եմ, որ ինքը հաջողություն ունենա՝ անկախ այն բանից՝ երգը լավն է, թե վատը: Չնայած պետք է ասեմ, որ երգը լավն է: Այդ հաղթանակը մեծ պատիվ կլինի թե՛ մեր` Հայաստանի, թե՛ Արամի համար»,- ասաց մեր զրուցակիցը:

Մենք հիշեցրինք, որ առաջին տեղը զբաղեցնելու դեպքում՝ 2015 թվականին «Եվրատեսիլ»-ը կանցկացվի Երևանում, իսկ դրա համար մեծ ֆինանսներ, ինչպես նաև՝ համերգասրահ է անհրաժեշտ: Մինչդեռ մենք եվրոպական չափանիշներին համապատասխան նման համերգասրահ, կարելի է ասել՝ նաև փող, չունենք:

«Ֆինանսների նախարարից հարցրեք՝ գումար ունե՞նք, թե՞ ոչ,- կատակով ասաց մեր զրուցակիցը, ապա հավելեց,- իսկ եթե դահլիճ ու փող չունենք, ինչո՞ւ ենք մարդ ուղարկում «Եվրատեսիլ»-ին մասնակցելու: Չէ՞ որ ուղարկում ենք հաղթանակի ակնկալիքով, այլ ոչ թե, որ պարզապես մասնակցի:

Ուրեմն ամեն ինչ հարկավոր է հաշվարկել»:

231930741398876026
Մեր զրուցակիցը կարծում է, որ, ինչպես ասենք, ՖԻՖԱ-ն, ՈՒԵՖԱ-ն են աշխարհի, Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունների կազմակերպիչ երկրին ֆինանսավորում, նույն կերպ պետք է վարվեն «Եվրատեսիլի»-ի դեպքում համապատասխան կազմակերպությունները:

Ինչ վերաբերում է Արամի MP3-ի գովազդային գործունեությանը, շրջագայություններին, ապա մեր զրուցակիցը համոզված է, որ այս տարի այդ ամենը շատ ավելի լավ էր կազմակերպված. «Օրինակ, ես ավելի շատ տեղեկատվություն ունեի թե՛ շրջագայություններից, թե՛ հանդիպումներից, թե՛, ընդհանրապես, ամեն ինչից: Չգիտեմ՝ դա Եվրոպայում ինչպես է ընդունվել:

Չնայած, ճիշտն ասած, Եվրոպայում, նկատի ունեմ զարգացած երկրները, այդ «Եվրատեսիլ»-ն ընդհանրապես ոչ մեկը չի նայում: Ավելի շատ դրանով հետաքրքրվում են մեր երկրի նման նոր զարգացող երկրներում, որտեղ ավելի շատ է կարևորվում այդ մրցույթը:

Եվրոպական երկրների իմ շատ այլազգի ընկերներ ընդհանրապես գաղափար չունեն այդ մրցույթի մասին: Իհարկե, այդ երկրների հայերը գիտեն: Բայց այս ամենը որեւէ նշանակություն չունի, ու եթե մասնակցում է, ուրեմն պիտի մտածի հաղթելու մասին: Իսկ մենք սպասելիքներ ունենք Արամ MP-3-ից ու, բնականաբար, ուզում եմ ու նաեւ հույս ունեմ, որ կհաղթենք: Եվ եթե դա տեղի ունենա, փող էլ կգտնվի եկող տարի մեզ մոտ մրցույթ անցկացնելու համար,- ավարտեց խոսքը Կարգին Հայկոն:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս