Երեկ ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների մասնագիտական տոնն էր: Անգամ երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորեց ԱԱԾ-ականներին: Իսկ թե ինչքանով էր դեկտեմբերի 20-ը կարեւոր օր հենց ԱԱԾ-ի համար, կարելի էր պատկերացնել` նրանց պաշտոնական կայքէջ մտնելով: Երեկ` ողջ օրվա ընթացքում, այդպես էլ տոնի մասին որեւէ բառ չգրվեց: Դեկտեմբերի 20-ի ամսաթվով միակ նորությունն ԱԱԾ-ի կայքում «Շտապ օգնություն» ՓԲԸ-ի մասնաշենքում տեղադրված ռումբի կեղծ ահազանգի մասին հաղորդագրությունն էր:
Ինչեւէ, յուրաքանչյուր գերատեսչություն յուրովի է նշում իր մասնագիտական տոնը: Հիմա դառնանք ԱԱԾ-ի գործունեությանը` սկզբում արձանագրելով անհերքելի մի իրողություն, որ ՀՀ ԱԱԾ-ն իսկապես Հայաստանի ամենակայացած կառույցներից մեկն է եւ անհրաժեշտ ժամանակահատվածներում արտաքին թշնամու դեմ կռվի մեջ հանդես է եկել պրոֆեսիոնալ դիրքերից, պայքարել է: Այնտեղ իսկապես պրոֆեսիոնալները շատ են: Եւ նորմալ է, որ այս առումով ԱԱԾ-ն իրեն 91 տարեկան է զգում: Բայց, այնուամենայնիվ, այսօր երկրում կան շատ խնդիրներ, որոնց լուծումը թեեւ վերապահված է ԱԱԾ-ին, սակայն նրանք, չգիտես ինչու, կաշկանդված են դրանք լուծելու հարցում: Ասվածի վկայությունն է այն իրողությունը, որ Հայաստանում սնկի պես աճում են տարաբնույթ աղանդները` բացահայտ քարոզչություն անելով անգամ մարդկանց տներում, սակայն ԱԱԾ-ն լռում է: Մեծանում է նաեւ անհասկանալի քաղաքականացված կառույցների թիվը, բայց արձագանք չկա: Եւ վերջապես` երկրից սկսված խայտառակ արտագաղթի տեմպերը, որոնք վտանգում են Հայաստանի ապագան, որեւէ կերպ չեն անհանգստացնում ԱԱԾ-ին: Օրինակ` ՌԴ-ի կողմից պետականորեն իրականացվող «Հայրենակիցներ» ծրագիրը, որի միջոցով դատարկվում է Հայաստանը, անհասկանալիորեն ԱԱԾ-ին չի հետաքրքրում: Բացի այդ, այս կառույցը դիրքորոշում չհայտնեց նաեւ հայ-թուրքական սահմանի բացման մասին եւ չբացատրեց` պատրա՞ստ է արդյոք բաց սահմանների դեպքում այդքան պոտենցիալ գործակալների ընդունել:
Փոխարենն ԱԱԾ-ն մանրամասն գիտի, թե այս կամ այն ընդդիմադիր գործիչն օրը քանի անգամ է հանդիպումներ ունենում եւ ում հետ, ինչ տեւողությամբ ու ինչ բովանդակությամբ զրույց է ծավալել: Այսինքն` գաղափարական հակահետախուզությունը կամ, ինչպես ասում են, առաջվա 5-րդ գլխավոր վարչությունը կարծես աշխատաոճը միանգամայն փոխել է: Այնպիսի տպավորություն է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ոչ թե պետության, այլ իշխանության անվտանգությունն է պաշտպանում: Այս մարմինն ակտիվանում է հատկապես նախընտրական ժամանակահատվածում` մանրազնին ուսումնասիրելով եւ արխիվացնելով ընտրական գործընթացների յուրաքանչյուր դետալ:
Մի խոսքով, եթե ուժային այս մարմինը նույն ջանասիրության կեսով աշխատի իրապես երկրին սպառնացող անվտանգության խնդիրների լուծման ուղղությամբ, ապա հաստատ Հայաստանն իրականում ավելի անվտանգ կլինի, քան` է:
ՎՏԱՆԳՎԱԾ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ