«Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Արթուր Սմբատյանն անհուսալի վիճակում է: Նրա մի ոտքը բորբոքվել, ուռել և կապտել է և ցավին չի կարողանում դիմանալ:
Այս մասին Armlur.am-ին հայտնեց մեր խմբագրություն ահազանգած դատապարտյալի մայրը՝ Ռոզա Սարդարյանը` նշելով, որ որդուն անհրաժեշտ է տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց» և շտապ բուժօգնություն ցուցաբերել, սակայն ՔԿՀ վարչությունից թույլտվություն չեն տալիս:
«Ամբողջ ձախ ոտքը թարախակալել է և ուռել: Ցավին չի կարողանում դիմանալ, և ոչ մի բժշկական միջամտություն չեն կարողանում ցույց տալ: «Վանաձոր» ՔԿՀ-ում բուժքույր է գնում, սակայն ասել են, որ իրենք ոչինչ չեն կարող անել: Պետք է ոտքը ճղեն, որպեսզի թարախային հատվածը դուրս գա»,- հայտնեց դատապարտյալի մայրը ու հավելեց, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակիցներն իրենց հնարավորության սահմաններում օգնություն են ցուցաբերում:
Ռոզա Սարդարյանը հայտնեց, որ այսօր ևս մեկ նամակ-խնդրանք է ուղարկել ՔԿՀ պետ Հայկ Հարությունյանին:
«Նրան երկար չի կարելի այդ վիճակով թողնել, կարող է գանգրենա առաջանալ, և ոտքը կկտրեն: Իսկ վարչությունից դեռևս ոչ մի արձագանք չկա»,- հուսահատ ասաց դատապարտյալի մայրը:
Հիշեցնենք, որ օրերս «Վանաձոր» ՔԿՀ դատապարտյալ, վատառողջ Արթուր Սմբատյանին «Դատապարտյալների հիվանդանոցից» անսպասելի տեղափոխել են ՔԿ հիմնարկ, չնայած բժիշկը հայտնել էր, որ դատապարտյալի կյանքին վտանգ է սպառնում:
Տաթև Հարությունյան