ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿՐՔԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ այն 27 պատգամավորներից շատերը, որոնք սեփական բիզնես չունենալու պատճառով ամեն տարի Ամանորից առաջ պարգեւատրվում էին մեկ ամսվա աշխատավարձի չափով, երեկ դժգոհում էին, որ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին չհաջողվեց լուծել իրենց պարգեւատրում տալու հարցը: Ի դեպ, հարցը խոստացվել էր լուծել նախագահական նստավայրի միջոցով: Ինչո՞ւ ԱԺ նախագահին չհաջողվեց պատգամավորների համար պարգեւատրման գումար ստանալ: «Ժողովուրդ»-ի այս հարցին ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Տարիներ են եղել, երբ պատգամավորներն ամբողջովին են ստացել, բնականաբար, եթե ասում ենք տնտեսական ճգնաժամ, եւ ժողովրդի սոցիալական վիճակը իջել է դրանից, ապա այդ հանգույցում կարելի է նաեւ համակերպվել նրան, որ բյուջեն չի բավականացնում պատգամավորներին պարգեւատրելու համար: Իհարկե, պիտի ասեմ եւ աշխատավարձի բարձրացումը ու նաեւ պրեմիաները, այսինքն` ֆինանսական կողմը, արժանապատիվ, աշխարհի բոլոր խորհրդարաններում համարվում է պետական ինստիտուտի հեղինակության հարց: Լոկ հեղինակության հարցով միգուցե ճիշտ կլիներ պարգեւատրումներ տալ, բայց միեւնույն ժամանակ մեր իրավիճակում, կարծում եմ, պիտի համակերպվենք»:
Նշենք, որ երեկ ԱԺ աշխատակազմն աշխատավարձ է ստացել: Եւ շատ պատգամավորներ ու նրանց օգնականները, խմբերի բաժանված, փորձում էին գուշակել, թե ինչ գումար են ստացել նրանք` խրախուսա՞նք, թե՞ աշխատավարձ: Մեր աղբյուրները տեղեկացրին, որ, այնուամենայնիվ, աշխատակազմը ստացել է դեկտեմբեր ամսվա աշխատավարձ` մի քանի օր շուտ:   
Ինչ վերաբերում է ԱԺ պատգամավորների օգնականներին, ապա նրանց դեպքում սոցիալական արդարությունն այդպես էլ չի վերականգնվում ո՛չ այս, ո՛չ նախորդ ԱԺ նախագահների օրոք: Նրանք կարծես այս տարի եւս չեն «խրախուսվի»:




Լրահոս