ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԱՐՍԱՓԵԼԻ ՎԻՃԱԿԸ` ԹՎԵՐՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամենամեծ ցանկության դեպքում այսօր դժվար է գտնել մի ցուցանիշ, որը կփաստի, թե Հայաստանն իրապես է առաջընթաց գրանցում: Անգամ եթե Հայաստանում գրանցվել են ինչ-ինչ որոշակի դրական տեղաշարժեր, ապա հարեւան երկրների ցուցանիշների համեմատությամբ զրոյական նշանակություն ունեն, որովհետեւ, ինչպես ասվում է հայտնի հեքիաթում. «Որտեղի՞ց կհասնես, դու ձիով, նա ոտով։ Մինչեւ քու ձին չորս ոտը կփոխի՝ մին, երկու, երեք, չորս, նա երկու ոտով` մեկ-երկու, մեկ-երկու, շուտ-շուտ կգնա, անց կկենա»։
Օրինակները բազմաթիվ են, թեկուզ եւ արտաքին պարտքի ցուցանիշը: Եթե նախկինում արտաքին պարտքը ՀՆԱ-ի 12-13 տոկոսն էր կազմում, ապա այսօր հասել է 40 տոկոսի: Իրավիճակը հասկանալու համար պատկերացրեք մի ընտանիք, որտեղ եթե նախկինում ստացված եկամուտների 12-13 տոկոսն էր գնում պարտքը մարելուն, ապա հիմա այդ ընտանիքն իր բյուջեի միայն 40 տոկոսը ստիպված է հատկացնել պարտքերը փակելուն: Ընդ որում, այդ պարտքն էլ վերցվել է մեծ տոկոսով, այն էլ ոչ թե հաստատագրված, այլ լողացող: Այսինքն՝ ժամանակի ընթացքում այդ տոկոսն` արտարժույթի փոխանակման կուրսով պայմանավորված, կարող է ավելանալ: Եւ այդքանից հետո այդ ընտանիքին մնում է միայն մեկ բան. չկարողանալով մարել պարտքերը` վաճառքի հանել իր ունեցածը. սկզբում ոսկիները, հետո արդեն գույքը: Թեեւ Հայաստանի դեպքում այլեւս կարծես թե չի մնացել վաճառքի որեւէ բան. եղածն արդեն նվիրաբերել ենք:
Ուշագրավ եւս մեկ փաստ. արտաքին այս պարտքը գոյացել է վերջին երեք-չորս տարիների ընթացքում, այն էլ վերցված վարկերը շատ հաճախ եղել են անիմաստ, ինքնանպատակ: Տիգրան Սարգսյանի կառավարությունն, այս ընթացքում արտաքին պարտքը մեծացնելով, հոգացել է ընդամենն այսրոպեական խնդիր՝ հետագայի համար լուրջ բեռ գցելով ժողովրդի ուսին:
Նույն վիճակում է նաեւ արտահանման ու ներկրման հարաբերակցությունը: Ամենեւին էլ խորը տնտեսագիտական գիտելիքներ պետք չէ ունենալ հասկանալու համար, որ շահում է այն երկիրը, որտեղ արտահանման ծավալները բարձր են: Այսինքն՝ տվյալ պետությունն ունի լավ տնտեսություն, արտադրանք է տալիս եւ դրա մի մասն էլ ուղարկում է ուրիշ երկրներ` վաճառելու: Մինչդեռ մեզանում իրավիճակը բոլորովին այլ է. 3,3 մլրդ դոլարի ապրանք ներկրվել է, ապա արտահանվել է դրա եռապատիկ պակասը՝ ընդամենը 1,08 մլրդ դոլարի չափով:
Սրանք, թերեւս, այն ակնհայտ ցուցանիշներն են, որ աղաղակում են երկրի տնտեսական վիճակի մասին: Ու ամենեւին էլ պատահական չպետք է լինի փաստը, որ այսօր երկրում օր օրի խորանում են աղքատությունն ու չքավորությունը: Անգամ պաշտոնական վիճակագրությունն է փաստում, որ աղքատ է համարվում ՀՀ յուրաքանչյուր երրորդ քաղաքացին: Իսկ արտագաղթի ցուցանիշները պարզապես ահռելի չափերի են հասել: Այս տարվա ընթացքում Հայաստանից մեկնածների ու վերադարձածների թվի տարբերությունը կազմում է 67 հազար 300 մարդ:
Այս թվերն ուշագրավ են այն առումով, որ ժամանակին Սերժ Սարգսյանն իր նախընտրական ծրագրի մեջ ամպագոռգոռ խոստումներ էր տվել. «Երկրորդ սերնդի բարեփոխումներն ուղղակիորեն կանդրադառնան ամբողջ ժողովրդի բարեկեցության վրա: Ամեն ոք պետք է զգա, որ իր ինքնադրսեւորման հնարավորություններն ընդլայնվում են, եւ իր կյանքի որակը բարելավվում է»: Ավելին, նա խոստացել էր մշտական ուշադրություն դարձնել հեռավոր եւ սահմանամերձ շրջանների բնակչության խնդիրներին՝ այդպես նաեւ նպաստելով արտագաղթի կանխմանը: Մինչդեռ տրված խոստումներից չորս տարի անց իրավիճակը ոչ միայն չի բարելավվել, այլեւ ընդհակառակը, գրանցվել է հետընթաց: Պատահական չէ, որ ժամանակին կոալիցիան կրթության ոլորտում խոստացել էր 2012 թվականին բյուջեում 195 միլիարդ դրամի հատկացում անել: Այնինչ այսօր հատկացվել է ընդամենը 108 միլիարդ դրամ: Իսկ եթե առողջապահության ոլորտին խոստացել էին հատկացնել 106 միլիարդ դրամ, ապա 2012 թվականին տրամադրվելու է ընդամենը 64.8 միլիարդը: Նույնը նաեւ սոցիալական ապահովության ոլորտում. 355.3 միլիարդ դրամ խոստացվածի փոխարեն 2012 թվականին տրվելու է 304 միլիարդը: Իսկ ընտանեկան նպաստի չափը եթե նախկինում մեկ ընտանիքին խոստացել էին վճարել ամսական մոտ 34 հազար դրամ, ապա հիմա հազիվ 29 հազար է հատկացվելու:
Այս խոստումների շարքը թերեւս կարելի է երկար շարունակել: Սակայն սրանք էլ բավական են փաստելու համար, որ այս իշխանությունը երկիրը պարզապես տանում է կործանման: Ավելին, այդ մասին են փաստում նաեւ միջազգային վերլուծական կազմակերպությունները, որոնցից «Ֆորբս»-ը Հայաստանը համարել էր աշխարհի տասը վատագույն տնտեսություն ունեցող երկրներից մեկը: Միայն թե այսքանից հետո վարչախումբը պետք է բարոյականություն ունենա սեփական սխալներն ընդունելու եւ հրաժարական ներկայացնելու համար: Այլ ոչ թե հայտարարի այսօր աղքատներին Ամանորի կապակցությամբ ժամկետանց ձեթ նվիրելու, իսկ առաջիկա ընտրություններում իրենց տեղերն ավելացնելու մասին:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս