ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԷՍ ՀԱԼՈ՞Վ
Բուհերում դասախոսները զբաղված են խաշ ուտելով, իսկ մասնագետներ չեն պատրաստվում: Նման կարծիք է հայտնել «Ինտերստանոկ» մեքենաշինական ընկերության նախագահ Վիլիկ Դոլուխանյանը` ելույթ ունենալով Հայրենական ապրանքարտադրողների միության ընդլայնված նիստում: Նրա  խոսքերով` հայկական գործարաններն ինժեներների կարիք ունեն, իսկ բուհերում դեռ դիպլոմային են գրում 1948թ. ֆրեզերային հաստոցների նախագծի հիման վրա: Ի դեպ, նիստին մասնակցում էր նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով, ինչպես հայտնի է, Հայաստանը ոչ թե ապրանք, այլ միտք արտահանող երկիր է ուզում դարձնել:

ԴԱՀԼԻՃ ՉԵՆ ՏԱԼԻՍ
Իշխանությունների հրահանգով կրկին մերժել են «Սարդարապատ» նախաձեռնությանը դահլիճ տրամադրել` դեկտեմբերի 22-ին «Ընտրությունների այլընտրանքը» թեմայով սեմինար-քննարկում անցկացնելու համար:  Այդ  կապակցությամբ «Սարդարապատ»-ը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Իշխանությունների նման հիվանդագին կեցվածքն ընկալելի է, քանզի «Սարդարապատ» նախաձեռնությունը եւ նրա համակիրները չեն ուղղորդվում եւ կառավարվում ռեժիմի կողմից, ինչն ակնհայտ անլուծելի խնդիրներ է առաջացնում Հայաստանը ԿԳԲ-ական գործելաոճին հարազատ եւ «կոմպրոմատ» թղթապանակներով մարդկանց կառավարող նախկին եւ ներկա «ուսադիր կրող բիզնեսմեն տղերքի մոտ»: Նախաձեռնությունը հայտարարում է, որ  անկախ ամեն ինչից` նշված քննարկումը տեղի կունենա հայտարարված օրը:

ՑԱՎԱԿՑԵԼ Է
Լեւոն Տեր-Պետրոսյանը ցավակցել է Չեխիայի նախկին նախագահ Հավելի ընտանիքին եւ չեխ ժողովրդին: «Հայ ազգային կոնգրեսի անունից անկեղծորեն ցավակցում եմ նախագահ Հավելի ընտանիքին եւ Չեխիայի ժողովրդին: Վացլավ Հավելը պատմության մեջ կմնա որպես մի առաջնորդ, որը գլխավորել է իր ժողովրդի հաղթական պայքարը հանուն ժողովրդավարության: Նրա անձի պատմական կարեւորությունը, սակայն, չի սահմանափակվում իր հայրենիքով»- ասված է Տեր-Պետրոսյանի ցավակցական ուղերձում:

ՀԱՊԿ-Ն ՈՒԺԵՂԱՑՆՈՒՄ ԵՆ
Երեկ Մոսկվայում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարների նեղ կազմով հանդիպումը, որին մասնակցել է նաեւ Սերժ Սարգսյանը: Դրան հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը եւ փաստաթղթերի ստորագրումը: Ստորագրվել են թվով 23 փաստաթղթեր, որոնք պետք է օժանդակեն կազմակերպության գործունեության հետագա կատարելագործմանն ու Եվրասիական տարածությունում անվտանգության ապահովման հիմնական մեխանիզմների ամրապնդմանը: ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներն անդրադարձել են նաեւ ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության օպտիմալացմանը, արտակարգ իրավիճակների ժամանակ արձագանքին, տեղեկատվական անվտանգությանը, թմրամոլության եւ տեռորիզմի դեմ պայքարին վերաբերող թեմաներին:

ՄԵԴԱԼ` ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը Համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ երեկ մեդալ է ստացել: 2007 թվականից արդեն չորրորդ անգամ հանձնվող այդ մեդալի առաջին հասցեատերը եղել է երգահան Արա Գեւորգյանը: Հետաքրքիր է, նման տեմպերով ո՞վ կլինի հաջորդը:




Լրահոս