Սերժ Սարգսյանի խոստումը տապալվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության ներկայացուցիչը հանրությանը հերթական «աչքալուսանքն» է տվել` ներկայացնելով անցած ամիսներին երկրում արձանագրված գնաճի մասին տվյալները:

Ըստ այդմ` Հայաստանում 12 ամսվա գնաճը կազմել է 4.4%, իսկ այս տարվա 4 ամիսներինը` 1.7%: Այս տարվա ապրիլին, մարտ ամսվա համեմատ, պարենային ապրանքերի գնաճը կազմել է 1%, ոչ պարենային ապրանքների մասով 0.1% գնանկում է գրանցվել, ծառայությունների ոլորտում` 0.1% գնաճ:

ԱՎԾ տվյալներով` առավել բարձր գնաճ է արձանագրվել բանջարեղեն-կարտոֆիլ ապրանքախմբում` 5.4%, միրգ ապրանքախմբում` 1.8%, կաթնամթերք ապրանքախմբում `2.1%:

Այս տվյալներն, իհարկե, որևէ նոր բան չեն ասում շարքային քաղաքացիներին, թերևս միայն այն, որ իրականից ավելի մեղմ պատկեր են ներկայացնում: Սակայն արդեն իսկ դա բավական է, որպեսզի ակնհայտ դառնա, որ Սերժ Սարգսյանի` մեկ տարի առաջ մարտի 18-ին տրված խոստումը, թե «աշխատավարձերի աճը պետք է ավելին լինի, քան գնաճը», մեղմ ասած` տապալվել է:

Իհարկե, դա ասվել էր արդեն նախկին վարչապետին ու նրա ղեկավարած կառավարությանը, սակայն ինչպես հիշում ենք, այն բանից հետո, երբ Տիգրան Սարգսյանը փառավորապես տապալեց ինչպես այս, այնպես էլ 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու ծրագիրը, նույն Սերժ Սարգսյանը հանդես եկավ Տ. Սարգսյանի հրապարակային պաշտպանությամբ ու գովեստով:

Բավական է հիշել հենց միայն ԵԿՄ վերջին համագումարում Ս. Սարգսյանի ունեցած ելույթը:

Իսկ երբ Ս. Սարգսյանն ի վերջո որոշեց փոխել երկրի վարչապետին, հանրությանն այդպես էլ չներկայացվեց, թե որն էր Տիգրան Սարգսյանին պաշտոնանկ անելու պատճառը: Ս. Սարգսյանն այդպես էլ հանրային պատասխանատվություն չդրսևորեց` իր ընտրողներին ասելու, թե, հարգելի քաղաքացիներ, ես կառավարության առջև խնդիր էի դրել, որն այն չկատարեց, ուստի և` ես այս կառավարությունը փոխում եմ:

Իսկ դա նա չարեց մեկ պարզ պատճառով. քանի որ հաջորդ հարցը, որը տալու էր յուրաքանչյուր գիտակից քաղաքացի, հետևյալն էր. միթե ամբողջ վեց տարի էր պետք` հասկանալու համար, որ Տիգրան Սարգսյանը երկրի տնտեսությունը տանում է քայքայման: Եվ եթե այո` ինչով է իր ծրագրերը տապալած վարչապետից ավելի լավը այն նախագահը, ով ամբողջ վեց տարի դա չի հասկացել, բնականաբար` ոչնչով: Ուստիև` Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը պետք է ընդհատել նույնքան կտրուկ և նույնքան անվերադարձ:

Տիգրան Սարգսյանի բառապաշարով ասած` «ջհանդամը» թե դրանից հետո Սերժ և Տիգրան Սարգսյաններին ստիպված չենք լինի ուղարկել դիվանագիտական աշխատանքի: Ի վերջո` Հայաստանն անցած տարի դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Տուվալուի և Վանուատուի հետ: Թող գնան ու ծառայեն:




Լրահոս