ՊՈՒՏԻՆՆ ԱՌԱՋԱԴՐՎԵՑ. ՄՆԱՑ ԸՆՏՐՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ գրանցել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին` որպես ՌԴ նախագահի թեկնածու: Նա դարձել է առաջին գրանցված թեկնածուն: Վլադիմիր Պուտինին առաջադրել է իր իսկ գլխավորած «Միացյալ Ռուսաստան» կուսակցությունը:

ՀԱՐՑ. Ձեր կարծիքով` Վլադիմիր Պուտինը հաղթանակի հնարավորություններ ունի՞:

ՊԱՏԱՍԽԱՆ.  Կարծում եմ, որ ամենայն հավանականությամբ ինքը կդառնա հաջորդ նախագահը, որովհետեւ Ռուսաստանի քաղաքական թատերաբեմում չկա այլ համարժեք քաղաքական գործիչ, որն այս պահի դրությամբ կարող է լուրջ մրցակցություն ներկայացնել Պուտինին:

ԵՐՎԱՆԴ ԲՈԶՈՅԱՆ
քաղաքագետ


ՊԱՏԱՍԽԱՆ. Չեմ կարող բացառել նրա` նախագահ ընտրվելը, բայց շատ կարեւոր է, թե այդ ընտրություններից հետո տեղի ունեցող իրադարձություններն ինչպես կզարգանան: Սրա վերաբերյալ կարող եմ միանշանակ ասել, որ չեմ կարծում, թե շատ հանգիստ կանցնի ամեն ինչ:

ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆ
 ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ

ՊԱՏԱՍԽԱՆ. Դատելով Պուտինի մրցակիցներից` կարող եմ ասել, որ նա ունենալու է 100 տոկոսանոց հաղթանակի շանս: Ի վերջո, Պուտինն այն մարդն է, որը Ռուսաստանը հանեց քաղաքացիական պատերազմից, մարեց փարիզյան ակումբի պարտքը` շուրջ 24 միլիարդ դոլար, որ գալիս էր դեռ ցարական Ռուսաստանից: Էսօր Ռուսաստանն ապրում է առանց արտաքին լրջագույն պարտքերի: Էն ավերածությունները, որ կատարվել էին 90-ականներին, նրան հաջողվեց երկիրն այդ խորագույն ճգնաժամից դուրս հանել: Պուտինն էն մարդն է, որից էսօր ռուսաստանցիները պիտի շնորհակալություն հայտնեն, քանի որ նա այն քաղաքական գործիչն է, որին հաջողվեց անհնարինը. նա Ռուսաստանը փրկեց լիարժեք փլուզումից եւ պահպանեց երկիրը: Իսկ մնացած թեկնածուները Պուտինի տարբերակում ուղղակի ծիծաղելի են:   

ԳՈՒՐԳԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱԿ անդամ

ՊԱՏԱՍԽԱՆ. Դա ռուսաստանյան ժողովրդի խնդիրն է, եւ կարծում եմ` ռուսաստանյան ժողովուրդն իր ճշմարիտ ընտրությունը կկատարի: Պուտինն իր գործունեությամբ ապացուցել է, որ Ռուսաստանի համար ծանր ու դժվարին տարիներին կարողացավ բացասական երեւույթները վերացնել եւ երկիրը դարձնել երկիր: Հուսով եմ, որ ռուս ժողովուրդը, հաշվի առնելով Պուտինի կազմակերպչական տաղանդն ու կարողությունները, նրան կընտրի իր երկրի նախագահ:

ՄԿՐՏԻՉ ՄԻՆԱՍՅԱՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ
Պատրաստեց ՆԱԻՐԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ




Լրահոս