Եվ այսպես, Հայաստանի ամենաերկարակյաց մարզպետներից մեկը՝ Կովալենկո Շահգալդյանը հրաժարական տվեց: ՀՀ Կառավարության առաջիկա նիստի ժամանակ նրա դիմումը կընդունվի:
Սա իհարկե, ամենասպասված հրաժարականներից մեկն էր, որի մասին տարիներ շարունակ խոսվում էր, սակայն Կոտայքի մարզպետը շարունակում էր «ջրի նման գնալ, ավազի նման՝ մնալ»: Բայց այստեղ խնդիրը նրա հրաժարականի գործընթացն է:
Բանն այն է, որ երեկ կեսօրին armlur.am-ի հետ զրույցում Կովալենկո Շահգելդյանը հերքեց իր հրաժարականի մասին խոսակցությունները: «Ես հրաժարականի դիմում չեմ գրել»,- ասաց Կոտայքի մարզպետը` հավելելով, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Սակայն պարզվում է, որ 13 տարի մարզպետ աշխատած պաշտոնյան ինքն էլ չգիտեր իր գլխի գալիքը, և իրականում ժամեր անց նույն ոգևորությամբ վերցրեց գրիչն ու գրեց այդքան անցանկալի հրաժարականի դիմումը:
Բայց չնայած դրան Aravot.am-ի հետ զրույցում դեռ շտապեց մխիթարվել, թե «Նախ, ասեմ, որ ես դեռևս նախկին մարզպետ չեմ, նախկին կլինեմ Կառավարության համապատասխան որոշումից հետո, իսկ թե ինչպես եմ այդ փաստն ընդունում, ասեմ, որ այս տարիների ընթացքում լրատվամիջոցներն ինձ բավական նախապատրաստել էին այս օրվան: Իմ պաշտոնավարման առաջին երեք տարիներից հետո, անընդհատ, բոլոր պատեհ եւ անպատեհ առիթներով, ցանկացած քաղաքական գործընթացներում անպայման շահարկում էին իմ պաշտոնանկության հարցը: Այնպես որ, ես արդեն պատրաստ էի դրան»:
Այսպիսով, հերթական անգամ մեր երկրում արձանագրվեց պաշտոնանկություն՝ սեփական դիմումի համաձայն, որի մասին դիմում գրողն իմացել է թերևս ամենավերջինը:
Հիշեցնենք, որ անակնկալ կերպով հրաժարականի դիմում գրեց նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա էլ կեսօրին չգիտեր, որ երեկոյան արդեն պետք է հրաժարական տար:
Հ. Գ. «Ժողովուրդ» օրաթերթը դեռ շաբաթներ առաջ գրել էր, որ Կոտայքի մարզպետ հավանաբար կնշանակվի ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը:
Անի Ստեփանյան