ԱՂԲԸ ԿՎԵՐԱՄՇԱԿՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աղբահանությունը Հայաստանի տարբեր բնակավայրերում ոչ միշտ է, որ իրականացվում է ժամանակին եւ պատշաճ: Տարբեր վայրերում եւ հաճախակի կարելի է տեսնել ամիսների, անգամ  տարիների ընթացքում կուտակված աղբ, եւ  Գյումրին այդ առումով բացառություն չէ:
ՏԻՄ ոլորտի պատասխանատուները տարբեր առիթներով հայտարարել են, որ հարցի լուծման համար լուրջ ֆինանսական ներդրումներ են հարկավոր, ինչի հնարավորությունն առայժմ չկա: Մինչդեռ կենցաղային աղբի մեջ գտնվող տարատեսակ նյութերը բնակլիմայական երեւույթների ազդեցության ներքո արտադրում են թունավոր նյութեր` վտանգելով շրջակա բնակավայրերի էկոլոգիական իրավիճակը:
Այս խնդիրը լուծելու նպատակով Հայաստանում առաջին անգամ աղբը տեսակավորվում է, իսկ օգտահանված նյութերը` վերամշակվում: Լրագրողների  եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ բնապահպանների համար աղբի տեսակավորման Գյումրու նորաստեղծ գործարան շրջայց էր կազմակերպվել: Ընկերության ներկայացուցիչները տեղեկացրին, որ  Հրազդան, Դիլիջան ու Սեւան քաղաքների ավագանիների կողմից  իրենց տրամադրվել է աղբի տեսակավորման իրավունք`  25 տարի ժամկետով: Աղբի  վերամշակման գործարան է կառուցվել նաեւ Երեւանում:  
Փորձելու են ժամանակի ընթացքում աղբահանության եւ աղբի վերամշակման քիչ, թե շատ ավելի քաղաքակիրթ տարբերակներ  մշակել: Ձեռնակության իրականացրած ներդրումներն այս ոլորտում կազմում են 1,5 միլիարդ դրամ, սակայն  «Քլինլենդ» ընկերության տնօրեն Տիգրան Գաբրիելյանի  խոսքերով, եթե Հայաստանի մյուս քաղաքներում` Հրազդանում, Դիլիջանում ու Սեւանում նույնպես բացվեն աղբի տեսակավորման գործարաններ, ապա այս թիվը կմեծանա:
«Ցանկություն կա կառուցել աղբի այրման գործարան: Աղբի այրման միջոցով ստացվում է հոսանք, եւ դրանով մի քանի հարց է լուծվում: Նախ կվերանան աղբավայրերը, եւ հետո` հոսանք կարտադրվի»,-ասում է Տ.Գաբրիելյանը:
Լուծվում է նաեւ մեկ այլ հարց` բացվում են նոր աշխատատեղեր: Վանաձորում աշխատում են  30, Գյումրիում` 45 հոգի, նրանց թվում են նաեւ հաշմանդամներ: Սակայն հարկ է նշել մեկ ուշագրավ հանգամանք. պետական աջակցության բացակայությունը, ինչպես բոլոր դեպքերում, այստեղ էլ զգալի է: Աղբի համար ընկերությունը քաղաքապետարաններին խոշոր գումար է վճարում:  
 Սա, իհարկե, բարդացնում է գործը, որովհետեւ դեռեւս շահույթ չստացած` աղբի համար գումար վճարելը ընկերության համար բավականին դժվար է: Ընկերության ներկայացուցիչներն ակնկալում են, որ տեղական իշխանությունները գոնե նախնական շրջանում աղբի դիմաց իրենցից գումար չվերցնեն: Վանաձորի քաղաքապետն, օրինակ, աղբի դիմաց տարեկան 3 մլն դրամ է պահանջել, Գյումրու քաղաքապետը` 300.000 դրամ, սակայն հաջորդ տարվանից այս գումարը տասնապատկվելու է:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս