ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելու առաջին օրից Հովիկ Աբրահամյանը ստիպված է լինում տարատեսակ հայտարարություններին ու հարցազրույցներին հատուկ մեկնաբանություններ տալ: Բնականաբար, խնամու խոսքերը չէին կարող անպատասխան մնալ:
Հիշո՞ւմ եք, երբ Աբրահամյանը վարչապետ նշանակվեց, ՀՀ առաջին և երկրորդ նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը իրենց դղյակներից հարցազրույց տվեցին՝ քննադատելով Սերժ Սարգսյանի իշխանությանը: Նրանց երկուսին էլ վարչապետը պատասխանեց՝ իր ոճի մեջ. «Համ յուղեց, համ՝ դաղեց»:
Նկատենք, որ Աբրահամյանի պատասխանի իրավունքը տարածվում է բացառապես «հրաշալի քառյակի» մեջ եղած ուժերի գործողությունների վրա:
Երեկ արդեն հերթը Աբրահամյանի խնամունն էր: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, հակադարձելով ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին, ասաց, որ առաջիկա ընտրությունների ժամանակ հաղթանակը կշրջանցի Մելիք Ադամյան փողոցը, որտեղ գտնվում է ՀՀԿ գրասենյակը: Անշուշտ, Ծառուկյանը դարակազմիկ բացահայտում չէր արել, որովհետև տրամաբանական է, որ «անհիշելի ժամանակներից» ՀՀ իշխանության ղեկն իր ձեռքը վերցրած ՀՀԿ-ն պետք է մի օր պարտվի: Ու պարտության ամենահարմար ժամանակահատվածը հենց Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետի ավարտն է:
Իսկ ինչո՞ւ Աբրահամյանը պատասխանեց Ծառուկյանին: Կարծում ենք, որ նախ այդ տեքստը Աբրահամյանը չէր պատրաստել (նա անգամ խոսնակ չունի), դա նրա փոխարեն արել են ՀՀ նախագահի նստավայրից: Եվ երկրորդ՝ հենց նրա անունից պետք է պատասխան լիներ, քանի որ վարչապետ է նշանակվել մեկ պայմանով՝ ԲՀԿ-ի և նրա շուրջ ձևավորված քառյակի ամբիցիաները զսպելու համար: Դրա համար էլ քառյակից ով խոսում է, վարչապետը փորձում է հակադարձել կամ բացատրել:
Իսկ ընդհանուր առմամբ՝ Սերժ Սարգսյանը փորձում է, վարչապետին քառյակի «իշխանական կուրատոր» նշանակելով, երկարաձգել իր իշխանությունը, քանի որ շատ լավ հասկանում է, որ երկրի առաջին ու երկրորդ նախագահները միավորվել են և «երկու ոտքը մի կոշիկի մեջ դրած»՝ փորձում են գահընկեց անել իրեն: Տեսնենք, թե ինչով կավարտվի այս խաղը:
Թամարա Միքայելյան