«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ԲՀԿ քաղխորհրդի վերջին նիստը բավականին հետաքրքիր է անցել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը սկզբում, ի տես բոլորի, հարցրել է քաղխորհրդի անդամների կարծիքը կուսակցության հետագա անելիքների՝ մասնավորապես կառավարության ծրագիրը ԱԺ ներկայացնելու ժամանակ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության պահվածքի վերաբերյալ: Գործարար թեւը խոսել է հօգուտ կառավարության, եւ առաջարկել է «այլընտրանքային» դեմքը պահելու համար «կողմի» փոխարեն «ձեռնպահ» քվեարկել: Դրանով մի կողմից կօգնեն Հանրապետականին քվորում ապահովելու հարցում ու չեն նեղացնի անձամբ Հովիկ Աբրահամյանին, մյուս կողմից էլ ցույց կտան, որ իշխանությունների ծրագրին «դեմ» են: ԲՀԿ քաղաքական թեւը, սակայն, պնդել է հակառակը՝ ԲՀԿ-ն պետք է լինի դահլիճում եւ բոյկոտի կառավարության ծրագրի քվեարկությունը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ծառուկյանը, լսելով ԲՀԿ երկու «թեւերի» կարծիքները, ասել է, թե վերջնական որոշում կկայացնեն կառավարության ծրագիրը տեսնելուց հետո: Բայց նա նաեւ նշել է, որ թեեւ Հովիկ Աբրահամյանը «մեր հարազատն է, բայց խնամիական հարաբերությունները չպիտի խանգարեն»։ Մի քանի օրից պարզ կլինի, թե որքանով է ԲՀԿ-ի խոսքը խոսք կամ գործ, ու, ի վերջո, որ փողոցում է տոնվելու «հաղթանակը»` Մելիք-Ադամյա՞ն, թե՞ Ավան-Առինջ: Ի դեպ, Ծառուկյանն իր կուսակիցներին տեղեկացրել է, որ ապագա երկու համապետական ընտրություններին էլ մասնակցելու են, չի բացառվում նաեւ՝ քառյակի հետ նույն ֆորմատով»։
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: