Հայաստանի քաղաքական կոչվող դաշտում ամեն ինչ խառնվել է. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի քաղաքական կոչվող դաշտում ամեն ինչ խառնվել է իրար: Եթե մինչեւ Տիգրան Սարգսյանի հրաժարականը հայտնի քառյակը փորձ էր անում ցույց տալ, որ քաղաքական դաշտը հստակեցվել է, եւ կա մենակ մնացած ՀՀԿ-ն ու «հրաշալի քառյակը», ապա Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո պարզվեց, որ իրականում այդ ամենը քարոզչական մանիպուլյացիաներ էին՝ ուղղակի «հրաշալի բլեֆ»: Ըստ որում, հարցը բոլորովին էլ չի սահմանափակվում Գալուստ Սահակյանի քվեարկությամբ, եւ Հովիկ Աբրահամյանի կառավարության քվեարկությամբ նույնպես չի սահմանափակվելու:
Հարցն այն է, որ հրաշալի բլեֆիստները այսօր քաշվել են մի կողմ եւ ոչ մի բան չարեցին ու չեն անում կառավարության կազմավորման գործընթացում՝ այն դեպքում, երբ ակնհայտ էր, որ գործընթացը ընդամենը հանդիսանում է հասարակությանը հայտնի դեմքերի ռեաբիլիտացիա՝ ուրիշ ոչինչ:

Քառյակը չեղյալ համարեց ապրիլի 28-ին հայտարարած իր հանրահավաքը, շուրջօրյա հանրահավաքները՝ այն դեպքում, երբ հրաշալի առիթ էր՝ հանրահավաք անելու, միասնական հաղթանակ տոնելու, ժողովրդի տրամադրությունը բարձրացնելու եւ մասսաներին ոգեւորելու, եւ եթե նույնիսկ Սերժ Սարգսյանին չհեռացնելու, ապա նրան սեփական վարչապետ պարտադրելու համար: Չէ՞ որ քառյակի, այսպես ասած, քաղաքագետ-ստրատեգները հենց այդպես էլ արդարացնում էին կառավարության հրաժարականի շուրջ կոնսոլիդացվելու մարտավարությունը, երբ նրանց հարցնում էին՝ մի՞թե ԲՀԿ-ն կասկած չի հարուցում Սերժ Սարգսյանի վրա սլաք չուղղելու իր համառությամբ: Քաղաքագետ-ստրատեգները հայտարարում էին, որ հանճարեղ մարտավարության արդյունքում երբ հասնեն կառավարության հրաժարականին, ապա բազմությունն այնպիսի ծավալներով կլցվի փողոցները, որ ուղղակի կքշի-կտանի ՀՀԿ-ին:

Եվ ուրեմն հանրահավաքը՝ համատեղ, քառյակի միասնական հանրահավաքը ուղղակի հիանալի հնարավորություն էր կառավարության հրաժարականից հետո հավաքելու բազմությանը հրապարակում, հայտարարելու միասնականության հաղթանակի մասին եւ ոգեւորելով բազմությանը՝ քշելու ՀՀԿ-ին: Սակայն իրականում ոչ թե քշեցին, այլ քաշվեցին՝ ամեն մեկն իր բույնը, եւ սկսեցին հետեւել «ընդունելի վարչապետ» արարողությանը՝ բացարձակապես չդիմադրելով եւ՛ վարչապետի նշանակմանը՝ չնայած նա Հայաստանը պատած քրեական-օլիգարխիայի կարկառուն դեմքերից էր, եւ՛ նման մյուս դեմքերի նախարար նշանակմանը կամ վերանշանակմանը: Ոչ մի դիմադրություն, կարծես նրանք հենց այս ամենի համար էլ պայքարել են, պահանջել են կառավարության հրաժարականը՝ հենց նման նորը ստանալու համար»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




Լրահոս