«Առավոտ» թերթը գրում է. «Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Այդ մասին «Առավոտի»-ի հետ զրույցում ասաց արդեն նախկին մարզպետը։
Հիշեցնենք՝ խոսակցություններ են շրջանառվում, որ Կոտայքի մարզպետի պաշտոնը զբաղեցնելու է բնապահպանության նախկին նախարար, նախկին ՕԵԿ-ական, այժմ ՀՀԿ-ական Արամ Հարությունյանը, ով առավել հայտնի է «Բուլկի» մականունով։
«Նախ՝ ասեմ, որ ես դեռևս նախկին մարզպետ չեմ, նախկին կլինեմ կառավարության համապատասխան որոշումից հետո, իսկ թե ինչպես եմ այդ փաստն ընդունում՝ ասեմ, որ այս տարիների ընթացքում լրատվամիջոցներն ինձ բավական նախապատրաստել էին այս օրվան։ Իմ պաշտոնավարման առաջին երեք տարիներից հետո անընդհատ, բոլոր պատեհ և անպատեհ առիթներով, ցանկացած քաղաքական գործընթացներում անպայման շահարկում էին իմ պաշտոնանկության հարցը։
Այնպես որ ես արդեն պատրաստ էի դրան։ Դրա համար շնորհակալ եմ լրատվամիջոցներից, բայց խորհուրդ եմ տալիս կանխատեսումներն այսուհետ անեն գիտական հիմնավորումներով, այլապես 10 տարի կանխատեսում էին, թե Կոտայքի մարզպետին պաշտոնանկ են անում և սխալվում էին»,– թերթի հետ զրույցում ասել է Շահգալդյանը։
Թերթի հարցին՝ ո՞վ և ինչպե՞ս իրեն հորդորեց հրաժարականի դիմում գրել, Կովալենկո Շահգալդյանն ասել է. «Որևէ մեկն ինձ կոնկրետ չի ասել։ Ես համարել եմ, որ այդ հարցն արդեն հասունացած է։ Ի վերջո բավական երկար եմ պաշտոնավարել։ Դա իմ ցանկությունն էր, և ես աշխատանքից ազատման իմ դիմումով իմ կամքն եմ արտահայտել։ Բայց այնպես չէ, որ հեռանում եմ ընդմիշտ…»»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։