Սկանդալային ճանաչում ունեցող Մոնիկա Լևինսկին նամակ է հղել ամերիկյան Vanity Fair ամսագրին, որում որոշ մանրամասներ է պատմել Ամերիկայի նախկին նախագահ Բիլ Քլինտոնի հետ իր սիրավեպի, ինչպես նաև` նրանից հետո իր կյանքի մասին:
«Ես խորապես ցավում եմ այն բանի համար, ինչ տեղի է ունեցել իմ և նախագահ Քլինտոնի միջև: Թո՛ւյլ տվեք կրկնել: Ես խորապես ցավում եմ: Այն մասին. ինչ տեղի է ունեցել», – գրել է Սպիտակ տան նախկին ստաժորը:
40-ամյա Լևինսկին ընդգծել է, որ այսքան տարվա լռությունից հետո որոշել է մեկնաբանել իր սիրավեպը, քանի որ ցանկանում է վերջնականապես ազատվել տխուր հիշողություններից: Կինը հայտարարել է նաև, որ կցանկանար ազատվել իր անվան հետ կապված կաղապարից, որը կոչվում է «Մոնիկա Լևինսկու զգեստը»:
Ամերիկյան առաջնորդի նախկին սիրուհին նշել է, որ Քլինտոնն օգտվել է իր բարյացակամությունից, սակայն որևէ բռնություն չի եղել, և ամեն բան տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ:
Լևինսկին պատմել է, որ սկանդալից և իր՝ Լոնդոն վերադառնալուց հետո նա լուրջ խնդիրներ է ունեցել աշխատանք գտնելու հետ կապված: Ոչ ոք չի ցանկացել աշխատանքի վերցնել նրան՝ հաշվի առնելով կնոջ «պատմությունը»:
Լևինսկին նշել է, որ երբեք ինքնասպան լինելու փորձ չի արել, սակայն նման մտքեր նրա մոտ բազմիցս եղել են: