ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես զբաղվում եմ դիմահարդարությամբ, սակայն հաճախորդներին ընդունում եմ տնային պայմաններում: Հարկային տեսչությունը հայտնաբերելու դեպքում իրավունք ունի՞ ինձ տուգանել` պատճառաբանելով, թե հարկային դաշտից խուսափում եմ: Նվազագույնը ինչքա՞ն եկամուտ ստանալու դեպքում տան պայմաններում աշխատող դիմահարդարը կամ վարսահարդարը կարող է ազատվել հարկերից:

Քրիստինե Սահակյան, 35 տարեկան, դիմահարդար

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք,  որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26 հոդվածի դրույթներով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չգրանցված (չհաշվառված) կամ հարկային մարմիններում օրենսդրությամբ սահմանված կարգով չհաշվառված անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպքում (ապօրինի գործունեություն) գանձվում է տուգանք: Ձեռնարկատիրական գործունեություն է համարվում ինքնուրույն, իր անունից եւ իր ռիսկով իրականացվող գործունեությունը, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ (եկամուտ) ստանալն է:
Դիմահարդարումը եւ (կամ) վարսավիրական ծառայությունը համարվում են հաստատագրված վճարով հարկվող գործունեություններ` անկախ շրջանառությունից (եկամտի չափից): Անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձը կարող է այս գործունեության տեսակները իրականացնել նաեւ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի դրույթներով` ունենալով տարեկան մինչեւ 6 մլն դրամ շրջանառություն:
Քանի որ հարցը ծավալուն է, անհրաժեշտ է ղեկավարվել  «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքի, «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 41-46 հոդվածների եւ «Արտոնագրային վճարների  մասին» ՀՀ օրենքի  4-րդ հոդվածի դրույթներով: Հարցում նշված գործունեության տեսակի համար անհրաժեշտ է նաեւ հարկային մարմնում հաշվառել հսկիչ դրամարկղային մեքենա` բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով դրամական հաշվարկներ իրականացնելու համար:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դիմահարդարը, փաստորեն, որեւէ մեկի հանդեպ առավելություն չունի: Ուստիեւ նա էլ պետք է սահմանված կարգով համապատասխան հարկային վճարումներ կատարի կամ էլ շարունակի գործել ստվերում:




Լրահոս