Սևանա լճի խնդիրը շարունակում է մնալ բնապահպանների ու մտահոգ հանրության ուշադրության կենտրոնում: Բնապահպանները բարձրաձայնում են` պետք է փրկել Սևանը:
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ նախագահ, բնապահպան Ինգա Զարաֆյանն այսօրվա մամլո ասուլիսում հայտարարեց, որ իրենք չեն հավատում կառավարությանը: «Մենք տեսնում ենք, որ ուղղակի չպետք է բարձրանա Սևանը, իսկ թե ով շահ ունի, որ Սևանը չբարձրանա, պարզ է՝ լճի ափերին տներ ու օբյեկներ ունեցողները»,- հայտարարեց Զարաֆյանը:
ՀԿ-ի ղեկավարի խոսքով՝ 2012թ. ունեցել ենք 2 սմ բացասական բալանս Սևանում, բայց ինչո՞ւ է բնապահպանության նախարարությունը լռում:
«Արարատյան դաշտը ջրի կարիք ունի, բայց ավելի շատ վատ կառավարման խնդիր ունենք, քան Սևանից ջուր բաց թողնելու: Սևանից բաց թողնվող ջուրը այդ խնդիրը չի լուծելու»,- ասաց տիկին Զարաֆյանը:
Ի հավելումն Ինգա Զարաֆյանի` «Բնապահպան իրավաբանների և տնտեսագետների երիտասարդական ասոցիացիա» ՀԿ նախագահ Էրիկ Գրիգորյանն ասաց, որ Արարատյան դաշտի արտեզյան ջրօգտագործումը սխալ է կառավարվել տարիներ շարունակ. «Հիմա ջրի կարիք կա, գնում ենք ջրի հաջորդ աղբյուր՝ Սևան»:
Էրիկ Գրիգորյանի խոսքով` Սևանին չպետք է դիտարկել որպես ջրամբար, որի ջուրը կարող ենք իջեցնել-բարձրացնել: Այն բացառիկ էկոհամակարգ է:
Սոնա Դավթյան