ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին օրերին շատ խոսվեց Սերժ Սարգսյանի մոսկովյան այցելության մասին, քանի որ այն համընկավ պաշտոնական ընթրիք-հանգանակության օրվա հետ, որը լի էր ինտրիգներով, գրվեց, որ Սերժ Սարգսյանին այնքան էլ «ջերմ» չեն ընդունել` հատկապես ապագա նախագահ Վլադիմիր Պուտինը, այնուամենայնիվ, փորձենք հասկանալ՝ ինչ արեց Սերժ Սարգսյանը Մոսկվայում:
Մի կողմ թողնենք պաշտոնական հաղորդագրություններն այն մասին, որ Սարգսյանն աշխատանքային այցով ՌԴ-ում մասնակցել է Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի նիստին, որտեղ ՀՀ-ն 2003 թվականից ունի դիտորդի կարգավիճակ, ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովին, որը նվիրված է ԱՊՀ 20-ամյակին: Այստեղ ոչինչ չասող կամ ոչ մի էական նշանակություն չունցող ինչ-որ հայտարարություն ընդունվեց: Անդրադառնանք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը, որին հաջորդած փաստաթղթերի ստորագրման արարողությունը հետաքրքիր իրավիճակ է ձեւավորել: Ինչո՞ւ, որովհետեւ եզակի դեպքերից է, երբ Սերժ Սարգսյանը հստակ դիրքորոշում է արտահայտել կամ ստորագրել է մի փաստաթուղթ, որը կոնկրետ նշանակություն ունի, ոչ թե երկակի (այլ հարց է, թե ինչքանով է փաստաթուղթը հայանպաստ):
Եւ այսպես, ըստ ստորագրված փաստաթղթի՝ ՀԱՊԿ անդամ երկրները (տարածաշրջանում միայն Հայաստանն է ՀԱՊԿ անդամ. Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ է, իսկ Ադրբեջանը դեռ չի կողմնորոշվում) համաձայնություն են ձեռք բերել,  որ այսուհետ ոչ ՀԱՊԿ անդամ երկրների հետ ռազմական համաձայնություն կայացնելու, իրենց տարածաշրջանում ռազմաբազաներ տեղակայելու հարցը պետք է քննարկվի ՀԱՊԿ շրջանակներում, նոր կյանքի կոչվի: Հենց սկզբում նշենք, որ ռազմական միավորումներում այս կանոնն ընդունված է. ՆԱՏՕ-ում եւս գործում է: Բայց այս փաստաթուղթը ուշագրավ է նրանով, որ Արցախում ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերի տեղակայման հեռանկարն անգամ այսուհետ կախված է լինելու Ռուսաստանի Դաշնության ցանկությունից: Քանի որ եթե հիմնահարցը կարգավորվի, եւ որոշվի, որ պետք է ՆԱՏՕ-ի խաղաղապահ ուժերը զորքեր տեղակայեն Արցախի սահմաններին, ապա փաստաթուղթը պետք է քննարկման դրվի նաեւ ՀԱՊԿ-ի շրջանակներում: Ասել է թե` ՌԴ-ն ավելի մեծ լիազորություններ ստացավ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծման գործում` իրենից կախվածությունը մեծացնելով եւս մեկ փաստաթղթով:
Այսպիսով՝ Սերժ Սարգսյանը մեր «մեծ եղբայր» Ռուսաստանի Դաշնությունից վերադարձավ եւս մեկ «հավատարմության երդումով»` փաստաթղթի տեսքով: Իսկ թե ինչ պատասխան պետք է տա արեւմտամետ ուժերին առաջիկա հանդիպումների ընթացքում, թերեւս կարելի է ենթադրել: Ամեն դեպքում, կոնկրետ արված քայլը կոնկրետ պատասխան է սպասում:




Լրահոս