ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՆՎՍՏԱՀԵԼԻ ԵՐԿԻՐ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սփյուռքահայ հայտնի գործարար ու բարերար Վահագն Հովնանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խոսեց սփյուռքահայերի` Հայաստանում կատարած ներդրումների մասին: «Երբ սփյուռքահայը գալիս է սրտով աշխատելու, դա նման է անտառի մեջ հանկարծ գեղեցիկ եղնիկ հանդիպելուն, երբ մտածում են` իսկ ինչո՞ւ նրան չորսաս: Հիմա այդ վիճակն է,-ասաց Հովնանյանը` հավելելով,-սփյուռքից եկած ներդրողները սրտով մտածեցին, ոչ թե խելքով: Նրանք եկան, վստահեցին, գումարը տվեցին, իրենց իրավունքները տվեցին, եւ այն մարդիկ, որոնք կյանքում այդքան դրամ չէին տեսած, այդ դրամն իրենց վերցրին»:
-Մի առիթով հայտարարել էիք, թե ցանկացել եք զբաղվել Հայաստան ցորենի ներկրմամբ, սակայն Ձեզ սպառնացել են: Կխնդրեի մանրամասնել, եւ Ձեր կարծիքով` ի՞նչն էր պատճառը, որ Ձեզ թույլ չտվեցին ցորեն ներկրել:
-Ես տեսա, որ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ղարաբաղում կա ցորենի պահանջարկ, այդ գործով զբաղվելու մտադրություն հայտնեցի: Բայց բարեկամներս ինձ ասացին, որ Հայաստանում արդեն հրաշալի գործ եմ սկսել, եւ մի քանի բաներ կան, որոնց մեջ ավելի լավ է չմտնեմ:
-Ինչո՞ւ: Արդյո՞ք պատճառն այն է, որ նաեւ ցորենի ներկրման ոլորտում կա մենաշնորհ:
-Վստահ եմ` նաեւ այդ հանգամանքը կար իրենց խրատի մեջ: Ասացին` կարող ես Հայաստանի մեջ շինարարություն անել, բայց Հայաստանում չկա մի գործ, որտեղ փայլես այնպես, ինչպես Ամերիկայում ես փայլում շինարարության մեջ:
-Այդ խորհրդից հետո ինչո՞ւ էլ չուզեցիք ցորենի ներկրման դաշտ մտնել:
-Չուզեցա, չհետապնդեցի նման նպատակ: Չհետապնդեցի, որովհետեւ, ինչպես ասում են, ճանճն իրենից մեծ բան չի ներկայացնում, բայց երբ ընկնում է ճաշիդ մեջ, փչացնում է այն, փակում ախորժակդ:
-Որքանո՞վ է այսօր սփյուռքահայ գործարարը պաշտպանված Հայաստանում: Նաեւ այլ ներդրողներ եղան, որոնք քննադատեցին Հայաստանում ստեղծված իրավիճակը` իշխանություններին մեղադրելով իրենցից անօրինական գումարներ պահանջելու եւ այլ նման երեւույթների մեջ:
-Ես մեծամասամբ մեղադրում եմ այդ գործարարներին: Նրանք սրտով մտածեցին, ոչ թե խելքով: Նրանք եկան, վստահեցին, գումարը տվեցին, իրենց իրավունքները տվեցին, եւ այն մարդիկ, որոնք կյանքում այդքան դրամ չէին տեսած, այդ դրամն իրենց վերցրին: Ներդրումներ անել ցանկացողներն այդպես էլ լավ փաստաբան ու լավ հաշվապահ չունեցան, որոնք կհետեւեին իրենց գործերին: Մինչդեռ գործ սկսելուց առաջ պետք է լավ փաստաբան ու լավ աուդիտոր ունենալ: Առաջին օրից սկսած մինչեւ հիմա` արդեն 14 տարի է` ես ունեմ իմ աուդիտորը, իմ փաստաբանը: Չեմ կարող ասել, թե ուղղակի հալածանք կա սփյուռքահայերի նկատմամբ: Բայց երբ սփյուռքահայը գալիս է սրտով աշխատելու, դա նման է անտառի մեջ հանկարծ գեղեցիկ եղնիկ հանդիպելուն, երբ մտածում են` իսկ ինչո՞ւ նրան չորսաս: Հիմա այդ վիճակն է:
-Տեսակետ կա, որ Հայաստանի զարգացման հիմնական խոչընդոտները հենց այդ մոնոպոլիաներն են, որոնց նաեւ Դուք առնչվեցիք:
-Կանոններ կան: Այնպիսի բարձր հարկեր են սահմանել ներմուծման համար, որ դժվարացնում է աշխատանքը: Եթե մի բան ես ուզում ներմուծել, ապա այնքան բարձր են հարկերը, որ ինքնարժեքը 35 տոկոս ավելացնում է: Ես այստեղ տուն եմ կառուցում, եւ եթե ես իմ ապրանքը բերեի, դրանով կառուցեի, ապա ավելի էժան կլիներ: Բայց հարկերը շատ են: Ու ստիպված ես իրենցից գնեցի: Թեկուզ ավելացված արժեքի հարկը ոչ թե առաջին վայրկյանին վճարեի, այլ հետո, երբ ապրանքը բերեի, շրջանառության մեջ դնեի: Բայց մեզ մոտ, դեռ ապրանքը չբերած, պիտի ավելացված արժեքի դրամ մուծեմ իմ գրպանից: Ինչո՞ւ: Բայց Հայաստանը շատ գեշ պատիվ ունի սփյուռքի մեջ: Ժողովուրդը սփյուռքում ինձ միշտ հարցնում է` ինչպե՞ս կարող ես ապրել այդ երկրի մեջ, երբ այդքան պատմություններ ենք լսում: Ինձ հարցնում են` դո՞ւ էլ ես մոնոպոլիստ, դո՞ւ էլ փող ես տալիս, որ գործիդ նայեն: Սփյուռքի մեջ Հայաստանն անվստահելի անուն ունի:
-Մարտի 1-ի պատճառո՞վ:
-Մարտի 1-ն ահավոր բան էր: Ամերիկացի ներդրողներ կային, որոնք ցանկացել էին Հայաստան գալ, պատրաստ էր ամեն ինչ. բոլոր պայմանավորվածությունները պատրաստ էին, արդեն բրոշյուրներն էինք տպագրել, վերլուծություններ արել, թարգմանել, հանդիպման օրերն էին նշանակվել: Բայց մարտի 1-ից հետո նրանք նամակ ուղարկեցին, թե Հայաստանն անվստահելի երկիր է, եւ իրենք չեն ցանկանում համագործակցել, ներդրումներ անել, որ չեղյալ են համարում պայմանավորվածությունները:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս