ՀԻՄԱ ԷԼ Ս. ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՀՈՎԱՆԱՎՈՐԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ  Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը հաղորդագրություն է տարածել` նշելով, որ  ԲՀԿ-ն լուծարում է իր իսկ կողմից ստեղծված մշակույթի աջակցման խորհուրդը, որի խնդիրը մշակույթի ոլորտում ֆինանսական օժանդակություն տրամադրելու նպատակով ծրագրային ընտրություն կատարելու համար անաչառ մրցույթների անցկացումն էր: Այս քայլը խորհրդի ղեկավար Ռոբերտ Ամիրխանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ծիծաղելի որակեց:
Նշենք, որ ԲՀԿ-ի տարածած հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. «Դեռեւս հունիս ամսին Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր մշակույթի աջակցման համար 100 մլն դրամ տրամադրելու իր որոշման մասին: Հայտերի ընդունման համար բարձր մասնագիտական մոտեցում ապահովելու եւ անաչառ մրցույթներ անցկացնելու համար ստեղծվել էր մշակույթի աջակցման խորհուրդ: Խորհուրդն օժտված էր ինքնուրույն ծրագրային ընտրություն կատարելու եւ ֆինանսական որոշումներ կայացնելու լիազորություններով: Ցավոք, անցած ամիսների ընթացքում խորհուրդը չկարողացավ գոնե մեկ ծրագրի հավանություն տալ, չֆինանսավորվեց ոչ մի ծրագիր, այն պայմաններում, երբ մեր երկրում բազմաթիվ մշակութային նախագծեր աջակցության կարիքն ունեն: Գագիկ Ծառուկյանի համար անընդունելի են տեխնիկական եւ այլ կարգի բացատրություններն ու արդարացումները: Հաշվի առնելով այս հանգամանքը` որոշում է կայացվել լուծարել մշակույթի աջակցման խորհուրդը: Գագիկ Ծառուկյանը վերահաստատում է 100 մլն դրամ մշակույթի աջակցմանը տրամադրելու իր որոշումը: Ավելին, անհրաժեշտության դեպքում պատրաստակամություն է հայտնում ավելացնել այդ գումարը: Առաջիկայում ծրագրերի ընտրության եւ նախագծերի ֆինանսավորման ողջ պատասխանատվությունը դրվում է «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի վրա»:
Երեկ զրուցեցինք այդ խորհրդի ղեկավար, երգահան-կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ: «Այս ամեն ինչն այնքան ծիծաղելի է ինձ համար: Այդ խորհուրդը ստեղծվել է իմ առաջարկով մշակույթի գործիչների հավաքի ժամանակ, ես ասել եմ, որ չի կարելի թույլ տալ, որ յուրաքանչյուրն իր հարցն առանձին բարձրացնի, հարկավոր է ստեղծել մի խորհուրդ, որը կքննարկի բոլոր բարձրացրած հարցերը: Ես կոմպոզիտորների միությունում տրամադրեցի սենյակ, որպեսզի այդ խորհրդի աշխատողներն ընդունեն հայտերը, ընդունվեցին, կանոնադրություն ստեղծեցինք, ունեցանք նիստ, որի ժամանակ որոշում է կայացվել, թե ով կարող է ֆինանսավորել, իսկ ֆինանսների հետ ես ոչ մի կապ չունեմ: Եւ հանկարծ այսօր ես լրատվամիջոցներով տեղեկացել եմ, որ այդ խորհուրդը ցրվել է իրենց կողմից: Ձեզ ոչինչ չեմ կարող ասել, թե ինչու է նման բան տեղի ունեցել»,-պատմեց Ամիրխանյանը:
Վերջինիս խոսքերից պարզ է դառնում, որ իր համար անհասկանալի է Ծառուկյանի որոշումն ու վերաբերմունքն իր նկատմամբ: Պարոն Ամիրխանյանը վերջում նշեց, թե ինչ-որ մեկը Ծառուկյանին սխալ տեղեկատվություն է տվել, դրա հիման վրա էլ նման որոշում է կայացրել. «Աստված իր հետ, հիմա մենք լրջորեն մտածում ենք եւ ունենք պայմանավորվածություն ստեղծելու մշակույթի գործիչների ծրագրերի աջակցության  նոր մի լուրջ խորհուրդ, որը կլինի ՀՀ նախագահի հովանավորության ներքո»:
Մշակույթի աջակցման խորհրդի անդամ, դուդուկահար Ջիվան Գասպարյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը տեղյակ չէ, թե իրականում ինչ է կատարվել, քանի որ առողջական խնդիրներ ունի եւ այժմ հիվանդանոցում բուժվում է:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս