Ուկրաինական Սլավյանսկ քաղաքի բնակիչներն այսօր հրաժեշտ են տալիս մի կնոջ, որը սպանվել է իր պատշգամբում: 30-ամյա խաղաղ բնակչուհի Իրինա Բոյեվեցը զոհվել է մայիսի 5-ին:
Russia Today-ի թղթակիցը հանդիպել է զոհված կնոջ հարազատների հետ: Նրանք համոզված են, որ Իրինա Բոյեվեցը դիպուկահարի զոհ է դարձել: Հիվանդանոցում, ուր նրան տեղափոխել են, նույնպես հաստատել են, որ նա զոհվել է հրազենի վնասվածքից:
Զոհված կնոջ հարազատները մինչ այժմ չեն կարողանում հավատալ կատարվածին: «Նա ուղղակի կանգնած էր և սպասում էր ամուսնու վերադարձին: Ինչո՞ւ նրան սպանեցին», – արցունքներն աչքերին՝ պատմել է Իրինայի սկեսուրը:
«Նա անգամ փողոց դուրս չի եկել, չի կանգնել բարիկադների վրա», – ասել է կինը:
Իրինայի ամուսինը պատմել է, որ կինը գլխի վնասվածք է ստացել: Անմիջապես շտապ օգնություն են կանչել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: Կինը պատշգամբից ամուսնուն փորձել է զգուշացնել մոտակայքում մարտական գործողությունների մասին և խնդրել է տուն վերադառնալ: Տղամարդն աստիճաններով բարձրանալիս է եղել, երբ կրակոց է լսել: Ամենայն հավանականությամբ, դիպուկահարը թաքնված է եղել տան դիմաց աճող թփերում: