Այսօր Գավառում տեղի ունեցած միջադեպը թե սոցցանցերում, թե լրատվական դաշտում բուռն քննարկման առարկա է դարձել: «Հայ-ռուսական միավորում» կազմակերպության ղեկավար, նախկին Առաջադիմական սոցիալիստական կուսակցության նախագահ Ռոբերտ Ահարոնյանը հայհոյել ու վիրավորել է «Կանանց ռեսուրսային կենտրոնի» տնօրեն Լարա Ահարոնյանին: Միջադեպի առնչությամբ armlur.am-ը զրուցեց Ռոբերտ Ահարոնյանի հետ:
-Պրն Ահարոնյան, դուք 2013-ին առաջադրել էիք ձեր թեկնածությունը նախագահական ընտրություններում: Սակայն միջադեպի առնչությամբ Ձեզ քննադատողները մի հարց են տալիս` ինչպե՞ս կարող է նախագահի աթոռին հավակնողը տարանջատում մտցնել սփյուռքահայերի ու հայաստանցիների միջև:
-Ես նախ և առաջ հայ եմ, հետո նոր նախագահի թեկնածու ու քաղաքական ինչ-որ ուղղության պատկանող: Ես ցավում եմ, որ սփյուռքահայերը Հայաստանում զբաղվում են նման գործունեությամբ (նկատի ունի կանանց ռեսուրսային կենտրոնի գործունեությունը-խմբ.): Այսօր արդեն երկրորդ անգամ ներկա եմ եղել մի դատի, որի մասնակից կողմերից ոչ մեկին չեմ ճանաչում: Պարզապես ներկա եմ գտնվել, քանի որ համացանցում շատ էր խոսվում այդ դատի մասին:
Գենդերային հավասարության էդ ներկայացուցիչները էդ լկտի տեսքով, էդ գույնզգույն մազերով… մենք մոռանում ենք մեր հայկական մտածելակերպը, մոռանում ենք, որ մեր պետության հիմքը ընտանիքն է: Սփյուռքահայերը եկել են Հայաստան ի՞նչ անելու` քանդելո՞ւ մեր ընտանիքը, մեր պետության հիմքը: Յուրաքանչյուր հայ տղամարդ, եթե ապտակել է իր կնոջը, վատ խոսք է ասել, ապա ոչ մի հայ կին իրավունք չունի դատարան դիմելու: Տվյալ կնոջ կողքին (նկատի ունի դատավարության կողմերից մեկին` ընտանեկան բռնության զոհ դարձած Հասմիկ Խաչատրյանին-խմբ.) ոչ ոք կանգնած չէր (այդ կնոջ բարեկամները հրաժարվել են նրանից),բացի գենդերային հավասարության ներկայացուցիչներից:
Ես, որպես հայ, զարմանում եմ, որ Քյավառի ժողովուրդը թույլ է տալիս գենդերներին մտնել այնտեղ: Էդ աղջկա ամուսնուն հարցնում են` պատրա՞ստ եք հետ ընդունելու Ձեր կնոջը, ամուսինը համարյա ասում է «հա», բայց երբ նայում է գենդերային հավասարության ներկայացուցիչներին, էդ լրբերին, կներեք, ասում է` չէ, թող ինձնից հեռու մնա: Նույն հարցը տալիս են էդ աղջկան, ով ամաչում է, որ մի քանի կոպեկի համար իր խելքը լվացել են:
-Բայց արդյոք պետք է բոլոր սփյուռքահայերի հասցեին նման կերպ արտահայտվել`ասելով, քշելու ենք բոլորիդ այստեղից: Չէ՞ որ շատ սփյուռաքահայեր հայանպաստ գործունեություն են ծավալում:
-Ժամանակին կոմունիստական իշխանությունը բացեց սահմանները և մեծ թվով սփյուռքահայեր Հայաստան եկան, բայց ոչ ոք չէր կարող մտածել, որ փողոցով անցնող իրար գրկած սփյուռքահայերի կտեսնենք:
Բայց ես խոնարհվում են այն սփյուռքահայերի առաջ, որոնք մտածում են հայ ազգի բազմանալու համար, որոնք ընդունում են մեր հայկական հողն ու ջուրը, մեր մտածողությունը:
-Ես ցավում եմ, որ մեր պետական այրերը գրանցում են նման ՀԿ-ների: Այդ ընտանիքի խուլ ու համար երեխային հանձնել են մանկատուն: Իսկ ամուսինը Քյավառում անուն-պատիվ ունեցող, հայտնի ընտանիքի երիտասարդ է: Նա բախտագուշակ Վարդիկի տղան է: Ամբողջ Հայաստանը ճանաչում է այդ ընտանիքին որպես Հայաստանի օրինապաշտ ընտանիք:
-Իսկ որպես տղամարդ կարելի՞ է հայհոյել ու վիրավորել կնոջը, անկախ նրանից նա ի՞նչ կառույցի ղեկավար է ու ի՞նչ գործունեություն է ծավալում:
-Քիչ անց Narod.am կայքում կտեսնենք միջադեպի տեսանյութը, որտեղ երևում է`ինչպե՞ս են այդ կանայք, ոչ հասկանալի տղամարդիկ հայհոյում, հարձակվում ավտոմեքենայի վրա, բարձր հայհոյանքներով կանգնեցնում մեր մեքենան: Բնականաբար, այսքանից հետո հայ տղամարդը դուրս է գալիս ու ասում այն, ինչ պետք է: Ավելին ասեմ ձեզ, երբ լրագրողներից մեկին հարցազրույց էի տալիս, ռեպլիկներ էին բաց թողնում իմ հասցեին` «ինչո՞ւ եք եվրոպական կոստյում հագել, հանեք ձեր վրայից ձեր կոստյումը» ու նման սադրանքներ: Մեր մեքենայի հայ վարորդին ասել են «համբալ»: Ինչ-որ ներկած մազերով կին, ինչ-որ խորհրդի նախագահ կամ ղեկավար ի՞նչ իրավունք ունի հայ տղամարդուն «համբալ»ասել:
Armlur.am-ը զրուցեց կանանց ռեսուրսային կենտրոնի ղեկավար Լարա Ահարոնյանի հետ` պարզելու` հնարավո՞ր է վիրավորանքների ու հայհոյանքների համար նա դատարան դիմի:
«Ես դատարան չեմ դիմի: Այդ մարդն արտահայտեց իր մտացածը, որին համամիտ չեն շատերը: Մենք մյուս անգամվա դատի համար պիտի խնդրենք ոստիկանությանը, որ ավելի շատ իրավապահներ լինեն էնտեղ, քանի որ ագրեսիվ էին տրամադրված այդ մարդիկ ու հարձակվում էին ակտիվիստների վրա»,- ասաց տիկին Ահարոնյանը:
Ինչ վերաբերում է Ահարոնյանի այն հայտարարությանը, որ սադրանքը սկսվել է «Կանանց ռեսուրսային կենտրոնի» մասնակիցների կողմից, տիկին Ահարոնյանն ասաց. «Ես չգիտեմ ով ի՞նչ է ասել, բայց ես, երբ դատարանից դուրս էլ գալիս, տեսա, որ Ահարոնյանը հարձակվում է մարդկանց վրա: Սկսեցի լուսանկարել, հետո նա սկսեց ինձ հետ խոսել, թե դուք ով եք, ինչ եք: Դրանից դուրս ես այդ մարդուն չեմ տեսել»:
Լարա Ահարոնյանի խոսքով` Ռոբերտ Ահարոնյանը պարզապես արտահայտեց իր կարծիքը`ասելով, որ բռնությունն ընտանիքում պետք է լինի:
Տեսանյութը`Epress.am-ի:
Սոնա Դավթյան