ՍԵՆՍԱՑԻԱ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, «Ժողովուրդ» օրաթերթը մշտապես հետեւողական է եղել ՀՀ բնապահպանության նախարարության եւ անձամբ նախարար Արամ Հարությունյանի գործունեության թերի կողմերի ու բացթողումների քննադատության հարցում: Օրերս, սակայն,  մեր ձեռքի տակ են հայտնվել որոշ տեղեկություններ, որոնք ցույց են տալիս, որ այդ նախարարությունում ամեն ինչ չէ, որ  այդքան տխուր է: Բուլկու ղեկավարած հիմնարկում, պարզվում է, կան նաեւ իրենց աշխատանքը բարեխիղճ կատարող պաշտոնյաներ` ի դեմս բնապահպանական պետական տեսչության պետ Արսեն Ավագյանի:
Իսկ ինչպե՞ս բացահայտվեց դա. օրերս «Ժողովուրդ»-ին էր դիմել քաղաքացի Արմինե Բաբայանը` խնդրելով պատասխանել հետեւյալ հարցին.  «2010 եւ արդեն 2011 թվականների ապօրինի անտառահատման քանի՞ դեպք է բացահայտել բնապահպանության նախարարությունը եւ ի՞նչ տուգանքների է ենթարկել անտառահատներին»: Մեր մշտական ընթերցողները տեղյակ են, որ մենք երբեք անպատասխան չենք թողնում մեզ դիմած քաղաքացիների հարցերը: Եւ քանի որ հարցի հասցեատերը բնապահպանության նախարարությունն է, որը մեր թերթի հարցերին պատասխանում է միայն գրավոր տեսքով, մենք եւս գրավոր կերպով դիմեցինք այդ կառույցին` ստանալու համար վերը նշված քաղաքացու հարցի պատասխանը: Եւ ուսումնասիրելով ՀՀ բնապահպանության  նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից մեզ տրամադրված 2011թ. ընթացքում կատարած աշխատանքների հաշվետվությունը, բավականին հետաքրքիր պատկեր բացահայտեցինք:
Պարզվում է` տեսչության կողմից վերահսկվող գրեթե բոլոր ոլորտներում 2011թ. առաջին վեցամսյակում եւ դրան հաջորդած ժամանակահատվածում արձանագրված ցուցանիշները, մեղմ ասած, էականորեն տարբերվում են: Այսպես. 2011թ. առաջին 6 ամիսների ընթացքում բնապահպանական պետական տեսչության կողմից ստուգվել է 108 օբյեկտ, իսկ հաջորդող  հինգուկես ամիսներին` 168: Ըստ այդմ, մթնոլորտային օդի պահպանության ոլորտում առաջին կիսամյակում հայտնաբերվել է 42, իսկ երկրորդ կիսամյակում` 90 խախտում, առաջինում կազմվել է վարչական տուգանքի 40, իսկ երկրորդում` 88 ակտ: Արդյունքում` տվյալ ոլորտի մասով վարչական տուգանքն առաջին կիսամյակում կազմել է 4 միլիոն, երկրորդում`  մոտ 7 միլիոն դրամ: Ջրային ռեսուրսների պահպանության եւ օգտագործման ոլորտում առաջին կիսամյակում հայտնաբերվել է ընդամենը 28 խախտում, իսկ երկրորդում` 71, կազմված վարչական տուգանքի ակտերը նույն հարաբերակցությամբ են, իսկ տուգանված գումարը` առաջին կիսամյակում 2 միլիոն 900 հազար` երկրորդ կիսամյակի 6 միլիոն 850 հազարի դիմաց:
Առաջին ու երկրորդ կիսամյակներում արձանագրված արդյունքների միջեւ  տարբերությունն էլ ավելի ցցուն է ընդերքի պահպանության ոլորտում, որտեղ այս տարվա առաջին վեց ամիսներին հայտնաբերվել է ընդամենը 8 խախտում, կազմվել է նույնքան վարչական տուգանքի ակտ, իսկ հաջորդող ժամանակահատվածում հայտնաբերված խախտումները եղել են 7 անգամ ավելի շատ` 57 խախտում: Վարչական տուգանքի գումարն էլ առաջին կիսամյակի 630 հազարից հասել է 3 միլիոն 330 հազար դրամի: Ընդգծենք, որ սա այն ոլորտն է, որտեղ պատահական մարդիկ չկան. գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանի ընդերքը շահագործում են իշխանության ամենաբարձր օղակներում կանգնած մարդիկ, եւ այս առումով տեսչության կատարած աշխատանքն ուղղակի աննախադեպ է:
Պակաս տպավորիչ չեն ցուցանիշները նաեւ հողերի պահպանության ոլորտում` առաջին կիսամյակի 17 խախտումների դիմաց երկրորդ կիսամյակում գրանցված 60 խախտում եւ տուգանքների արդյունքում պետբյուջե մտած եռակի ավել գումար: Կրկնակի ավել են նաեւ թափոնների օգտագործման, տեղափոխման եւ պահպանության ոլորտում ընթացիկ կիսամյակում հայտնաբերված խախտումները:
Ինչ վերաբերում է մեր ընթերցողին հուզող` բնական աշխարհի պահպանության ոլորտին, որտեղ, ինչպես հայտնի է, ամենամեծ խախտումներն են լինում, ապա ընթացիկ տարվա առաջին վեց ամիսներին այստեղ հայտնաբերվել է 133 խախտում, կազմվել 127 ակտ, իսկ հաջորդող հինգուկես ամիսներին գրանցվել է եռակի ավել` 428 խախտում, կազմվել 406 ակտ:  Վարչական տուգանքների գումարն էլ ընթացիկ կիսամյակում կազմել է հինգ անգամ ավել` նախորդ կիսամյակի 6 միլիոն 460 հազար դրամի փոխարեն` 30,5 միլիոն դրամ:
Եւ վերջում` օրինաչափությունը չի խախտվում նաեւ կենդանական աշխարհի պահպանության ոլորտում` 71 խախտում առաջին կիսամյակում եւ գրեթե եռակի ավել` 193 խախտում երկրորդում, համապատասխանաբար` 67 եւ 186 վարչական տուգանքների ակտեր, եւ գանձված տուգանք` 2 միլիոն 410 հազարի դիմաց եռակի ավել` 7 միլիոն 690 հազար դրամ: Իսկ շրջակա միջավայրին պատճառված վնասի հատուցման դեպքում այդ տարբերությունը քառակի է` առաջին կիսամյակի 1 միլիոն 285 հազար դրամի դիմաց երկրորդ կիսամյակում 8,5 միլիոն դրամ:
Ահա այս ամենի հանրագումարում 2011թ. առաջին վեց ամիսներին ՀՀ պետբյուջե  է մուտքագրվել 40 միլիոն 34 հազար դրամ, որից 3,6 միլիոնը` օպերատիվ աշխատանքների արդյունքում, իսկ ահա հուլիսից հետո ընկած ժամանակահատվածում` 100 միլիոն 24 հազար դրամ, որից 62 միլիոնը` օպերատիվ աշխատանքների արդյունքում: Ասել է թե` տեսչության  հետեւողական օպերատիվ աշխատանքի արդյունքում պետբյուջե մուտքագրված գումարը մոտ քսան անգամ ավել է անցած կիսամյակի արդյունքների հետ համեմատած: Նկատենք, որ այս արդյունքներն արձանագրվել են բացառապես տեսչության աշխատանքի շնորհիվ, այլ ոչ թե նախարարության մյուս գերատեսչությունների արձանագրությունների: Թե ինչքանով են լավ կամ վատ այս ցուցանիշները, չենք կարող ասել. դա թողնում ենք մասնագետներին: Բայց փաստ է, որ աշխատանքի արդյունավետությունը համեմատական թվերով հստակ երեւում է:
Ներկայացված թվերին ծանոթանալուց հետո մեզ մոտ բնական հարց առաջացավ, ի՞նչն է փոխվել, որ հանգեցրել է արդյունքների նման ճչացող փոփոխության: Ի վերջո, ե՛ւ երկրի ընդերքը թալանող բարձրաստիճան պաշտոնյաներն են նույնը, ե՛ւ շրջակա միջավայրն աղտոտող գործարանների օլիգարխ տերերը, ե՛ւ անտառներն ապօրինի հատող գեներալները: Ուրեմն ո՞րն է պատճառը, որ բնապահպանության նախարարությունը, որը մինչ այդ գրեթե չէր նկատում ոլորտում առկա աղաղակող խախտումները, միայն անցած հինգուկես ամիսների ընթացքում նման ծավալի խախտումներ է հայտնաբերել: Պարզվեց` փոխվել է տեսչության ղեկավարը:
Փաստորեն, վերը ներկայացված պատկերը ցույց է տալիս, որ ճիշտ տեղում նշանակված ճիշտ պաշտոնյան նույնիսկ մեր երկրում առկա պայմաններում կարող է լուրջ հաջողություններ արձանագրել անգամ այնպիսի կոռումպացված համակարգում, ինչպիսին Բուլկու ղեկավարած բնապահպանության նախարարությունն է: Միայն թե օրինակը վարակիչ լինի:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս