ՏՈՆԻՆ ԱՅՍՊԵՍ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ձեզ ենք ներկայացնում այն հայտնիներին, որոնք  Նոր տարին նախատեսել են դիմավորել Հայաստանում:
ՍՅՈՒԶԻ ՄԵԼԻՔՅԱՆԸ տոնը  կանցկացնի  ընտանիքի հետ` Ծաղկաձորում. «Ձմեռային տրամադրություն ու ձյուն էինք ուզում, իսկ Ծաղկաձորում այդ ամենը կգտնենք: Տոները հիմնականում ընտանիքով ենք անցկացնում: Հայրս նախընտրում է Ամանորը նշել տանը: Վերջին մի քանի տարիներին մենք դրսում ենք անցկացրել Նոր տարին: Այս տարի էլ ցանկացանք Հայաստանում մնալ: Հնարավոր է նաեւ, որ ես այդ երեկո երգեմ»: Երգչուհին արդեն սկսել է նախապատրաստվել տոնին: Ճիշտ է, նվերներ դեռ չի գնել, բայց մոտավորապես գիտի, թե ում ինչ է նվիրելու. «Մայրիկիս ոսկյա զարդ կնվիրեմ, ընկերուհիներիս ու քրոջս նույնպես ինչ-որ զարդեր կընտրեմ: Դեռ չեմ հասցրել խանութներ գնալ»: Այն հարցին, թե երբ Ամանորը նշել են տանը, օգնել է սեղանի պատրաստությանը, Սյուզին պատասխանեց.  «Իհարկե: Չնայած մայրիկս ամեն ինչ անում է, բայց դե մենք էլ փորձում ենք օգնել: Ես հիմնականում սալաթներ եմ պատրաստում: Իսկ տոնածառ զարդարելը պարտադիր է, արդեն նույնիսկ խաղալիքներ եմ գնել: Տոնին շատ լավ եմ պատրաստվում: Աղմուկն ու եռուզեռն ինձ չեն հոգնեցնում: Ինչպես տարին դիմավորես, այնպես էլ կանցնի: Դրա համար պետք է սպասումներով լի լինես, որ տարին լավ անցնի»: Ամենատպավորիչ Նոր տարին էլ համարում է անցած տարվա իրենց ճամփորդությունը, երբ ընտանիքով գնացել էին Դուբայ. «Արեւ, ծովային տրամադրություն… Ամանորը դիմավորեցինք նախ հյուրանոցում, ապա ծովի ափին»:
 Սյուզին սպասում է նաեւ Նոր տարվա հրաշքներին. «Ամանորի գիշերն անպայման երազանք կպահեմ, միշտ պահում եմ: Թող բոլորի երազանքներն էլ իրականանան: Թող ողջ հայ ժողովուրդը տարեցտարի ավելի լավ ապրի ու հաճախակի ժպտա»:
Հումորիստ ԱՐՄՈՒՇԸ մտաբերեց, որ հաճախ Նոր տարուն ինքը պարզապես աշխատանքի է եղել: «12 տարվա ընթացքում ամեն Նոր տարի աշխատում էի: Այս տարի նույնպես «Վիտամին» ակումբը կաշխատի: Դե մեր կյանքն էլ տենց դասավորվեց»,-կատակով նկատեց հումորիստը, ապա հավելեց, որ եթե տանը նստեին հեռուստացույցի առաջ, հետաքրքիր չէր անցնի:
Արմուշը որոշել է իր որդու` Դանիի համար Ձմեռ պապիկ հրավիրել, փոքրիկը նաեւ արդեն նվերներ է պահանջել` կիթառ է ուզել եւ բարձրախոս:
Զրույցի ընթացքում պարզեցինք, որ Արմուշենց տանը բուդ, բաստուրմա, սուջուխ չի լինելու. «Մեր Նոր տարվա ավանդական սեղանին միշտ եղել են էկզոտիկ խմիչքներ ու դեսերտ: Հազար տեսակ սալաթ չենք անելու, համեստի մեջ: Դե էդ օրը բոլորի օրն ա, ի՞նչ կարիք կա տանջել մեր կանանց»: Նոր տարվա իր ծախսերի մասին էլ այսպես ասաց. «Երեւի կծախսեմ մոտ մի 300-400 հազար դրամի կարգի, շատ չեմ նախատեսել»: Արմուշն օրիգինալ գտնվեց եւ այն հարցին, թե ինչ է պատրաստվում նվիրել կնոջը, պատասխանեց. «Երկրորդ բալիկը: Մյուս տարի կլինի»: Չմոռացավ նաեւ շնորհավորել մեզ բոլորիս. «Մաղթում եմ առողջություն, հաջողություն, եւ թող ամեն ինչ թեթեւ տանեն, հումորի միջոցով տանեն ամեն դժվարություն: Ծիծաղը շատ լավ բան է, այն կարող է փրկել: Կարեւոր մի բան էլ մաղթեմ` խաղաղություն աշխարհին»:
Դերասան ԱԲԵԼ ԱԲԵԼՅԱՆԸ խոստովանեց, որ վերջին 4 տարիների ընթացքում Նոր տարին դրսում է դիմավորում, բայց այս տարի Հայաստանում է լինելու: Նախորդ տարիներին եղել է Եգիպտոսում, Դուբայում, Վրաստանում:
Դերասանը նշեց, որ ինչ մեծացել է, տանը տոնածառ չի դնում, քանի որ կարծում է` այն ավելի շատ երեխաներին է ոգեւորում: Տոնական գնումներն ու նվերներն Աբելը կատարում է վերջին օրերին. «Գրում եմ ցուցակ ու 1 օրում շրջում երեւանյան բոլոր ցանկալի խանութներում, նվերներս գնում ու վերջ»: Ամենահիշվող Նոր տարին էլ դերասանի կյանքում եղել է 4 տարեկանում, երբ նա իրենց տոնածառը զարդարելիս մի խաղալիք է կերել. «Փոքր ժամանակ քաղցր սիրող երեխա էի ու ամեն մի գունավոր թուղթ ինձ համար կոնֆետ էր: Հիշում եմ` ինչպես կերա այդ խաղալիքը: Մայրս շատ էր վախեցել: Հետաքրքիրն այն էր, որ ինձ ոչ մի բան  չպատահեց»:  
Ինքն իր համար որպես նվեր միայն Աստծո օրհնությունն է ակնկալում. «Ես միշտ խնդրում եմ, որ ամեն եկող տարի չկորցնեմ այն, ինչ ձեռք եմ բերել: Դա կլինեն ընկերներ, մտերիմ մարդիկ, գիտելիք, առողջություն, թե աշխատանք, որ ես կատարում եմ: Չկորցնեմ ձեռք բերածս ու մյուս տարի ավելացնեմ նոր բաներ»: Դերասանը նաեւ շնորհավորեց հայ ժողովրդին. «Մենք ստեղծող ու արարող ազգ ենք: Ես չէ, որ պետք է դա ասեմ, աշխարհը գիտի:  Թող երկիրը շենանա, որ մենք հանգիստ գնանք առաջ, կառուցենք մեր երկիրը: Թող ամեն ինչ լավ լինի, ժպիտներն էլ` անպակաս»:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս