Մահացել է աշխարհահռչակ օպերային երգիչ Վահան Միրաքյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ ս. թ. մայիսի 6-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում կյանքի 78-րդ տարում վախճանվել է նշանավոր օպերային երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, տենոր Վահան Միրաքյանը: Վահան Միրաքյանը ծնվել է 1936 թ. ապրիլի 27-ին, Երևանում: Դպրոցական տարիներին ընտանիքով տեղափոխվել է Կիրովական, որտեղ սովորել է թիվ 4 միջնակարգ դպրոցում: 1953 թ. ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա` պրոֆեսոր Թամարա Շահնազարյանի դասարան:

1956 թ. հրավիրվել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական թատրոն, ուր դերերգել է Լենսկի` «Եվգենի Օնեգին», Հերցոգ` «Ռիգոլետտո», Ալֆրեդ` «Տրավիատա»: Երգել է նաև հայ կոմպոզիտորների օպերաներում. Սարո` Ա. Տիգրանյանի «Անուշ», Սայաթ-Նովա` Ալ. Հարությունյանի «Սայաթ- Նովա», իսկ դասական խաղացանկից` Էդգար` «Լուչիա դի Լամերմուր», Խոզե` «Կարմեն», Ռուդոլֆ` «Բոհեմ»: 1963 թ. համամիութենական տենորների մրցույթում գրավել է առաջին տեղը և առաջին 5 երգիչների հետ մեկնել է Իտալիա` Միլան: 1963-67 թթ. վերապատրաստվել է Միլանում` մաեստրո Ջ. Բարիի ղեկավարությամբ:

Միլանի «Լա Սկալա» թատրոնում և Պարմայում հանդես է եկել համերգային մեծ ծրագրով: 1962 թ. եղել է Երևանի օպերայի և բալետի թատրոնի մենակատար: 1981-2005 թթ. ապրել և ստեղծագործել է Ավստրիայում, դասավանդել Վիեննայի կոնսերվատորիայում: 1983 թ. Բելինիի «Նորմա» օպերայում աշխարհահռչակ երգչուհի Մոնսերատ Կաբալյեի հետ կատարել է Պոլիոնի դերերգը: 2002 թ. համերգային ծրագրով Երևանում հանդես է եկել որդու` օպերայի մեներգիչ, տենոր Արմեն Միրաքյանի հետ: 2005 թվականից ապրել և ստեղծագործել է ԱՄՆ-ում:

ՀՀ մշակույթի նախարարություն 




Լրահոս