ՎԱՐԿԱԲԵԿՈՂՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Սերժ Սարգսյանը դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ հերթական խորհրդակցությունն է անցկացրել, որտեղ հանդես է եկել հերթական գեղեցիկ ելույթով: Նա ասել է. «Քրեական արդարադատության բնագավառում շատ հաճախ կարելի է հանդիպել ուղղակի ապօրինի որոշումների: Ընդ որում, նման երեւույթների պատճառներն ավելի խորն են, քան միայն կոնկրետ խախտում թույլ տված պաշտոնատար անձի անբարեխղճությունը կամ անփութությունը: Առկա  թերություններն ու խախտումներն ամբողջը միասին ուղղակի վարկաբեկում են քրեական արդարադատության  բուն էությունը»: Ինչ խոսք, հրաշալի է ասված:
Խնդիրն այն է, սակայն, որ նման ելույթ իրեն կարող է թույլ տալ որեւէ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ կամ որեւէ անկախ լրատվամիջոցի խմբագիր, բայց ոչ երկրի նախագահը, ով այդ  համակարգի  բնականոն աշխատանքի երաշխավորն ու պատասխանատուն է: Ս. Սարգսյանն իր` ՀԱԿ-ից էլ ավելի ընդդիմադիր ելույթում  խոսել է նաեւ հանրային վստահության մասին. «Տրվել են հանձնարարականներ, ներկայացվել են  առաջարկություններ, որոնց  պատշաճ իրագործումը պետք է բարելավեր ձեր ղեկավարած կառույցների գործունեությունը, հենց դրանով հանդերձ բարձրացներ հանրային վստահությունը: Ցավոք, պետք է նշեմ, որ արդյունքներն այսօրվա դրությամբ գոհացուցիչ չեն»: Անշուշտ, շատ լավ է, որ երկրի ղեկավարը ցավում է  ոչ գոհացուցիչ արդյունքների համար, բայց նա հենց  նրանով է ինձանից ու ձեզանից տարբերվում, որ  ցավելուց բացի, կարող է եւ պարտավոր է  կոնկրետ քայլեր անել` շտկելու համար  իր իսկ բառերով ասած` «քրեական  արդարադատության էությունը վարկաբեկող» երեւույթները:
Զավեշտն այն է, որ նա գրեթե նման բովանդակությամբ  հուզիչ ելույթներ էր ունենում նաեւ սրանից ինն ամիս  առաջ` մարտի 14-ին ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում, որտեղ արեց իր հայտնի` «անբարոյական ոստիկան» արտահայտությունը: Պաթոսը ոչ պակաս էր նաեւ անցած ապրիլի 20-ին  դատական համակարգի խնդիրների շուրջ   նախորդ խորհրդակցության ժամանակ, երբ  Ս. Սարգսյանը հանձնարարեց վերանայել մարտի 1-ի գործի քննությունը: Թե ինչ փոխվեց այս ընթացքում հայտնի է բոլորին: Եթե ոստիկանության մասով գոնե որեւէ բան արվեց` փոխվեց ՀՀ ոստիկանապետը, ապա մարտի 1-ի մասով միակ փոփոխությունը քննչական խմբի ղեկավարին ավելի բարձր պաշտոնի նշանակելն էր: Ուստի, միանգամայն իրավացի է Ս. Սարգսյանը, երբ ասում է. «Հանրային վստահությունը երեւակայական բան չէ»: Իրոք, այն երեւակայական բան չէ, որը հնարավոր լինի ձեռք բերել երեւակայական մտահոգությամբ ու ոչինչ չնշանակող խոստումներով` պարբերաբար խորհրդակցություններ հրավիրելով եւ դատաիրավական համակարգը վարկաբեկող նույն պաշտոնյաների գլխին խրատներ կարդալով: Եթե Ս. Սարգսյանն իրոք մտահոգ է համակարգի առողջացմամբ, ապա նա անհապաղ պետք է պաշտոնանկ անի երեկվա  խորհրդակցական սեղանի շուրջ նստած պաշտոնյաների մեծ մասին` սկսելով գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանից:




Լրահոս