Չարամիտ կրոնական կառույցները որևէ երկրում գործուենություն ծավալելու համար շատ լավ ուսումնասիրում են օրենքը, գտնում թերի կողմերը և, դրանք օգտագործելով, անում են իրենց սև գործը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի համոզմունք հայտնեց ՀՀ կառավարության աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասծատրյանը` հավելելով, որ, այնուամենայնիվ, Հայաստանում նվազել է կրոնական կառույցների ակտիվությունը, բացի «Եհովայի վկա» կոչվող կրոնական կառույցից:
«Միայն «Եհովայի վկաներն» են շարունակում փողոցներում իրենց ակտիվությունը ցույց տալ: Եվ անգամ այն մարդիկ, ովքեր արգելում են իրենց մոտենալ, նրանք միևնույնն է, մոտենում են, քանի որ իրենք «վերևներից» հրահանգ են ստանում»,- ասաց Ասծատրյանը:
Իսկ Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը հայտնեց, որ Հայաստանում գործում է «Պենտեկոստե» կրոնական կառույցը, որը հստակ բիզնես է մշակել:
Ս. Հովհաննիսյանի փոխանցմամբ` այս կառույցի անդամները վաճառում են կրոնին վերաբերող իրեր` ստելով, թե դրանք օրհնված են և անպայման պետք է գնել:
«Նման դեպքեր ԱՄՆ-ում են եղել, և տուժողներից մեկի քույրն այս պահին Հայաստանում է, և ինքն է մեզ հայտնել դրա մասին»,- ասաց ՄԵԼ համանախագահը: Վերջինիս փոխանցմամբ` այս կառույցը գործում է Հայաստանում արդեն 20 տարի:
«Խորովածը շատ լավ բան է , առանց Հիսուս անհամ բան է»,-նրանք այսպիսի երգեր են երգում, այն էլ կնոջ մասնակցությամբ»,- հայտնեց Ս.Հովհաննիսյանը:
Վերջինս հրաժարվեց տեղեկացնել նրանց գտնվելու վայրը` հնարավոր վտանգներից խուսափելու համար: Միայն հայտնեց, որ «Պենտեկոստե»-ն սեռական դաստիարակությամբ է զբաղվում և անհարիր կոչեր անում: