ՀԱՆԳԱՆԱԿՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ՏՊԱՎՈՐԻՉ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանին օրեր առաջ մի շարք հարցեր էր ուղղել, որոնց պատասխանն Օլեգ Եսայանը լիազորել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայությանը:  
-Հայտնի է, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը Ձեր գլխավորությամբ ակտիվ աշխատանքներ էր տանում «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքի շրջանակներում տեղի ունեցած ավանդական ճաշկերույթին հայ գործարարներին ներգրավելու համար: Սակայն այս տարի կասկածի տակ էր դրվում այդ ճաշկերույթի արդյունավետությունը` հաշվի առնելով, որ ռուսաստանյան ամենախոշոր գործարարն ու դոնորը` Սամվել Կարապետյանը, ՀՀ իշխանություններից իր նեղացածության պատճառով սովորականի նման խոշոր նվիրատվություն չարեց: Ձեր գնահատականն այս առնչությամբ:
-Արդեն իսկ հայտնի են ս.թ. դեկտեմբերի 21-ին Մոսկվայում տեղի ունեցած բարեգործական ճաշկերույթ-դրամահավաքի արդյունքները, որոնք ինքնին պարզաբանում են առաջադրված որոշ հարցերի պատասխաններ: Հավելյալ նշենք, որ դրամահավաքին առնչվող միջոցառումներն իրականացվում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ տարբեր երկրներում նույնատիպ կառույցների կողմից: ՀՀ դեսպանություններն իրենց իրավասությունների շրջանակներում, հնարավորությունների սահմաններում, գործող կարգի եւ ձեւավորված ավանդույթի համաձայն, աջակցում են դեսպանընկալ երկրում հայաստանյան եւ տեղի հայկական կառույցների կողմից իրականացվող միջոցառումներին: Այս տեսակետից ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը բացառություն չէ: Մեր կարծիքով` հանգանակված գումարը` շուրջ 19 մլն ԱՄՆ դոլար, իր ծավալով ինքնին շատ տպավորիչ է: Հարկ է ուշադրություն դարձնել նվիրատվության մասնակիցների աշխարհագրությանը` Մոսկվա, Կալինինգրադ, Սոչի, Վլադիվոստոկ, Խաբարովսկ, Ուրալ, Ռոստով եւ այլն: Հատկանշական է, որ ճաշկերույթին մասնակցում էին նաեւ այլ երկրներից` Արգենտինա, Ֆրանսիա, Ուկրաինա եւ այլն: Ավելորդ չենք համարում նշել նաեւ, որ կայացած միջոցառման արդյունքներն ապացուցում են նաեւ որոշ խոսակցությունների անհիմն լինելու հանգամանքը, որոնք շրջանառվում էին ասեկոսեների մակարդակով եւ որոնց, ամենայն հավանականությամբ, ստիպված անդրադարձ է կատարվել առաջադրված հարցերում:
-Ռուսական կառավարության «Հայրենակիցներ» ծրագրի արդյունքում արտագաղթը Հայաստանում էլ ավելի է մեծանում: Նույնիսկ Շարլ Ազնավուրն է ահազանգել, որ Հայաստանն օրեցօր դատարկվում է: Իբրեւ դեսպան` չե՞ք պատրաստվում ՌԴ իշխանություններին ՀՀ-ի անունից խնդրել, որպեսզի այդ ծրագիրը դադարեցվի:
-Դեսպանությունն, անկասկած, քաջատեղյակ է «Հայրենակիցներ» ծրագրի, ինչպես նաեւ ՌԴ-ում ժամանակավոր կամ մշտապես բնակվող մեր հայրենակիցների (անկախ նրանց քաղաքացիական պատկանելությունից) քաղաքացիական եւ սոցիալ-տնտեսական կեցությանն առնչվող խնդիրների եւ դրանցից բխող մտահոգությունների մասին: Գաղտնիք չէ, որ ամեն մի երկրում դեսպանություններն իրենց ղեկավարությանն են հաղորդում նստավայր երկրում ընթացող այն բոլոր գործընթացների, երեւույթների ու դեպքերի մասին, որոնք կարող են հետաքրքրություն ներկայացնել` նրա շահերի առնչության առումով: Այդ ամենի մասին հրապարակային քննարկումները, հատկապես ձեռնարկված քայլերի առումով, հակասում են դիվանագիտական եւ քաղաքական էթիկայի տարրական նորմերին եւ չեն տեղավորվում տվյալ երկրում արտերկրի դիվանագիտական ներկայացուցչության գործունեության համընդհանուր կանոններում:
-ՀՀ-ում ռուսամետ, պրոռուսական կողմնորոշում ունեցող պետական պաշտոնյաների մեծ մասը` Կարեն Կարապետյաններ եւ այլք, հրաժարականներ տվեցին: Ձեր կարծիքով` ո՞րն էր այս հրաժարականների եւ նրանց` ՌԴ տեղափոխվելու պատճառը: Ի՞նչ եք կարծում, ՀՀ-ում ռուսամետ քաղաքական գործիչները` ՆԺԿ առաջնորդ Արամ Կարապետյան, Արտաշես Գեղամյան եւ այլք, իրենց կուսակցությունների միջոցով ներկայացված կլինե՞ն հաջորդ գումարման ԱԺ-ում: Օրինակ` ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ «Ժառանգություն»-ն ԱԺ-ում ներկայացված է որպես ամերիկյան «պրոյեկտ»:
-Հասկանալով, որ յուրաքանչյուր երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությունը մեկ միասնական ամբողջության փոխկապակցված բաղադրամասն է, հարկ է նշել, որ յուրաքանչյուր ոլորտ ունի իր առանձնահատկությունը, խնդիրները եւ դրանց լուծման նպատակով ստեղծված պետական կառույցները: Ուստի, ելնելով յուրաքանչյուրի` իր գործով զբաղվելու նպատակահարմարությունից` ճիշտ ենք համարում ներքաղաքական կյանքին առնչվող խաղերի մեկնաբանությունները թողնել այլ կառույցներին եւ պետական ու քաղաքական գործիչներին:
-Իբրեւ ՀՀ դեսպան` խնդրում եմ գնահատել` ՌԴ Պետդումայի եւ նախագահական ընտրություններն ի՞նչ ազդեցություն կունենան ՀՀ-ում սպասվող խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների վրա: Այս առումով եւս մեկ հարց. ՌԴ նախագահ-վարչապետ զույգի միմյանց իշխանության փոխանցումը կարո՞ղ է նախադեպ դառնալ Հայաստանի համար:
-Տվյալ հարցում մենք ելնում ենք այն հանգամանքից, որ ամեն ինքնիշխան երկրի ներքաղաքական զարգացումները եւ գործողություններն ունեն իրենց ներքին տրամաբանությունը եւ չեն կարող գտնվել այլ երկրի նույնատիպ գործընթացների ազդեցության տակ, եթե անգամ դա բարեկամ երկիր է եւ ռազմական գործընկեր: Ինչ վերաբերում է ռուսաստանյան ընտրություններին եւ դրանց ընթացքի, արդյունքների նկատմամբ մեր երկրի պաշտոնական դիրքորոշմանը, ապա այն լիարժեք արտացոլված է Հայաստանի բարձրաստիճան ղեկավարության, մասնավորապես ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի` ՌԴ ղեկավարությանը հղած ուղերձներում:
-Հայտնի է, որ Ձեր նախորդը` Արմեն Սմբատյանը, աշխատանքից ազատվեց Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների արդյունքում, երբ հայտնի դարձավ, որ նրա գործունեության հետեւանքով միլիոնավոր դրամի վնաս է հասցվել պետությանը: Հասցրե՞լ եք վերականգնել վնասը:
-ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունը չի մեկնաբանում իր լիազորությունների շրջանակներին չառնչվող եւ ոչ կոռեկտ հարցեր: Ուստի ներկայացված որոշ հարցեր ստիպված ենք թողնել անպատասխան:
«Ժողովուրդ». Իսկ հարցեր իսկապես էլի կային, որոնք այդպես էլ մնացել են անպատասխան: Հավելենք, որ հարցերը մենք ուղարկել էինք ավելի վաղ` մինչ ճաշկերույթ-դրամահավաքը:

ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս