ՀԱՅԱՍՏԱՆՆ ԷԼԻ ՏՈՒԳԱՆՎԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետության դեմ հերթական որոշումն է ընդունել. ՀՀ կառավարությունը հերթական անգամ պետք է փոխհատուցի իր քաղաքացիներին` նրանց նկատմամբ անարդար քայլեր կատարելու եւ անարդար վճիռներ կայացնելու համար:
Այս անգամ կառավարությունը պետք է փոխհատուցի Երեւանի կենտրոնում էլիտար բնակարանաշինության ծրագրի իրականացման համար իրենց տներից վտարված եւս 5 ընտանիքի` սեփականության իրավունքները խախտելու համար: Խոսքը Բուզանդի եւ Պուշկինի փողոցների նախկին բնակիչների մասին է, որոնք 2004-05 թվականներին դարձել են «պետության կարիքների զոհեր»: ԵԴ վճռի համաձայն` Բուզանդի 25 հասցեի նախկին բնակիչներ Սեդրակ Բաղդասարյանի, Լեւոն Ղասիբյանի եւ Գրիգորի Ղարիբյանի ընտանիքներին կառավարությունը պարտավորվում է բնակարաններ հատկացնել նրանց քանդված տների տեղում կառուցված բարձրահարկ շենքում, իսկ Բուզանդի 15 եւ Պուշկինի 34 հասցեների բնակիչներ Աշոտ Պողոսյանին որպես փոխհատուցում պետք է տրամադրի 45 հազար եվրոյին համարժեք, Իրինա Եդիգարյանին` 29,5 միլիոն դրամ: Այս դատական վճիռը պետք է կատարվի երեք ամսվա ընթացքում:
Արձանագրենք, որ մոտ 100 հազար եվրոյի հասնող գումարը կառավարությունը պետք է փոխհատուցի ոչ թե այն մարդկանց գրպանից, որոնց հանցավոր գործունեության հետեւանքով առաջացել է այս վիճակը, այլ  ՀՀ պետական բյուջեից: Այլ կերպ ասած` այս ռեժիմի կատարած անօրինական արարքների համար պետք է փոխհատուցում վճարեն ոչ թե ավազակապետության ներկայացուցիչները, այլ ՀՀ քաղաքացիներս: Այսինքն` ժողովուրդն իր գրպանից է վճարելու իր իսկ հանդեպ ռեժիմի կատարած հանցագործությունների համար ԵԴ սահմանած փոխհատուցումը: Առա՛ջ Հայաստան:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս