Տիգրան Սարգսյանի կառավարության ձախողումների մասին կարելի է խոսել անվերջ. ձախողումներ, որոնք գրանցվել են բոլոր «ոլոլորտներում»: Դրանցից ամենաակնառուն, թերեւս, երկրի սոցիալ-տնտեսական վիճակն է, որը յուրաքանչյուր քաղաքացի զգում է սեփական մաշկի վրա: Ընդ որում, երկրի սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի մասին այսօր խոսում են անգամ իշխանությունները: Միայն թե` որպես արդարացում ամեն անգամ բերվում է հերթապահ նախադասությունը` մեղավոր էր համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը: Խոսքն այն ճգնաժամի մասին է, որը ժամանակին Տիգրան Սարգսյանի կանխատեսմամբ, պետք է շրջանցեր Հայաստանը:
Ինչեւէ, 2008թ., երբ ձեւավորվում էր այս կառավարությունը, ԱԺ ներկայացված եւ վերջինիս կողմից հաստատված ծրագրում կառավարությունը բազմաթիվ խոստումներ էր տվել: Օրինակ` Տիգրան Սարգսյանի կառավարությունը խոստացել էր Հայաստանում կրճատել աղքատությունը: Եվ նրանց ծրագրի համաձայն` աղքատության կրճատման նպատակային ցուցանիշները 2012թ. պետք է լինեին 11.2 տոկոս: Այսինքն` ըստ այդ ծրագրի՝ 2012թ. ՀՀ-ում աղքատների թիվը պետք է լիներ առավելագույնը բնակչության 11.2 տոկոսը: Իսկ ծայրահեղ աղքատների ցուցանիշը պետք է լիներ 1.6 տոկոս: Խոստովանենք` բավական լավ մտադրություն է: Բայց փաստն այն է, որ կառավարությունը ոչ միայն չի կատարել իր այս խոստումը, այլեւ` ընդհակառակը, այս տարիների ընթացքում հետընթաց է գրանցվել:
Այսօր պաշտոնական վիճակագրությունն ու անգամ վարչապետ Տիգրան Սարգսյանն են խոստովանում, որ ունենք 30 տոկոս աղքատություն: Ընդ որում, եթե 2006թ. աղքատ էր ՀՀ բնակչության 26.5 տոկոսը, ապա այսօր աղքատությունն աճել է ու խոստացված 11.2 տոկոսի փոխարեն դարձել 30 տոկոս: Նույնը նաեւ ծայրահեղ աղքատության դեպքում. ծայրահեղ աղքատ է բնակչության 15 տոկոսը` խոստացված 1.6 տոկոսի փոխարեն: Դեռ ավելին, 2006թ. ծայրահեղ աղքատ էր բնակչության 4.1 տոկոսը: Պարզ թվաբանությունը խոսում է այն մասին, որ այս առումով Հայաստանում սարսափելի հետընթաց է գրանցվել: Ընդ որում, նշենք, որ աղքատության նվազագույն շեմ հայտարարված է ամսական 30 հազար դրամ եկամուտը: Մինչդեռ, եթե աղքատության նվազագույն շեմ վերցվեր թեկուզ ամսական 50 հազար դրամ եկամուտը, ապա պատկերը շատ ավելի խայտառակ կլիներ: Չհաշված այն հանգամանքը, որ վերջին տարիներին ՀՀ-ում արձանագրված գնաճը մշտապես գերազանցել է կանխատեսված ցուցանիշը: Այս տվյալներից հետո, թերեւս, անիմաստ է խոսել մյուս բոլոր չկատարված ցուցանիշների մասին:
Թվում էր՝ գրանցված այս ձախողումներից, մասնավորապես` կառավարության 2008-2012թթ. ծրագիրը չկատարելուց հետո Տիգրան Սարգսյանը պետք է գնար ինքնակամ հրաժարականի, կամ խորհրդարանը հանդես գար նրան անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ: Ընդ որում, խոստովանենք, որ ընտրություններից առաջ նման կտրուկ քայլերը կարող էին գոնե մեղմել համաժողովրդական դժգոհությունները: Առավել եւս, որ օրօրի ստեղծվում են այն բոլոր նախադրյալները, որոնց բացակայության մասին խոսում էր Տիգրան Սարգսյանը` մեկնաբանելով, թե ինչու այդ ցուցանիշները չկատարելուց հետո ինքը հրաժարական չի տալիս:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ վարչապետն ասել էր, որ չկան հրաժարականի համար նախադրյալներ. իրենք ունեն խորհրդարանական մեծամասնություն, եւ բավական բարձր է կառավարելիության մակարդակը: Մինչդեռ Տիգրան Սարգսյանի խոսքերից ընդամենը մեկ օր անց նույն` ավելի քան 100 պատգամավոր ունեցող մեծամասնությունից միայն 48 հոգին էր դեմ քվեարկել կառավարության հրաժարականի` ՀՅԴ նախաձեռնությանը: Իսկ եւս մի քանի օր անց «մեծամասնություն» ունեցող այդ կոալիցիային ձայների նվազագույն շեմով հաջողվեց անցկացնել 2012թ. բյուջեի նախագիծը, այն էլ` մեկը մյուսի փոխարեն քվեարկելով: Բայց նման զարգացում կարելի է ակնկալել նորմալ երկրի պարագայում: Իսկ Հայաստանում, որտեղ ռեժիմը տարրական ամոթի ու պատասխանատվության զգացում չունի, դժվար է նման քայլ սպասելը: Առավել եւս, որ ԱԺ վերջին ճեպազրույցի ժամանակ Տիգրան Սարգսյանը ցուցանիշները չկատարելը պատճառաբանել էր այսպես. «Աշխարհում այսօր չկա որեւէ պետություն, որտեղ կան կատարված ցուցանիշներ: Դրա համար դա կոչվում է ճգնաժամ»:
ՍԴՀԿ անդամ, առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հակադարձեց. «Իրոք, շատերն են հղում անում տնտեսական ճգնաժամի հետեւանքներին: Ճգնաժամը ճգնաժամ, բայց պետք է ժամանակին կանխատեսեին այն: Դրա մասին խոսում էին բոլոր մասնագետներն ու քաղաքական գործիչները, նրանք զգուշացնում էին կառավարությանը, իշխանություններին, որ աշխարհում տնտեսական իրավիճակը բավական ծանր է, եւ հետեւանքները կարող են լինել անկանխատեսելի ծանր: Եթե հիշում եք՝ կառավարությունը հայտարարում էր, թե մենք ինտեգրված չենք Եվրոպական ընդհանուր տնտեսական ընտանիքին եւ ճգնաժամը մեզ կշրջանցի: Բայց ժամանակը ցույց տվեց, որ ճգնաժամը մեզ չշրջանցեց, ավելին, ծայրահեղ դրսեւորումներ ունեցավ ու այսօր էլ Հայաստանից դուրս չի գալիս»:
ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄԻ ԴՈՒ ՏԵՍ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ