ԿԵՍ ՃԱՄՓԱՆ
Երեկ Ֆրանսիայի Ազգային Ժողովը հավանություն տվեց օրինագծին, որով քրեական պատասխանատվություն է սահմանվում Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտողները կենթարկվեն 1 տարվա ազատազրկման եւ կտուգանվեն 45 հազար եվրոյով: Օրինագիծը քրեական պատասխանատվություն է նախատեսում ոչ միայն Հայոց ցեղասպանության ժխտողների, այլեւ Ֆրանսիայի կողմից ճանաչված այլ ցեղասպանությունները հերքողների նկատմամբ: Նշենք, սակայն, որ օրինագիծը դեռ պետք է հաստատվի նաեւ Սենատի եւ Ֆրանսիայի նախագահի կողմից:
ԷԼԻ ԳԱԶԸ ԿՏՐԵՑԻՆ
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին, որ դեկտեմբերի 22-ին` ժամը 14:00-ից, «Ղազախ-Սագուրամո» 1020 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարա-վերականգնողական աշխատանքների իրականացման հետ կապված` ժամանակավորապես դադարեցվում է Հայաստան բնական գազի մատակարարումը: Մինչ այդ, գազամատակարարումը կիրականացվի Աբովյանի ստորգետնյա պահեստ-կայանի պահեստավորված գազի հաշվին:
ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ազգային տաղավար տոների եւ դրանց հաջորդող հիշատակի օրերի կապակցությամբ կառավարությունը որոշել է 2012թ. ապրիլի 9-ի, հուլիսի 16-ի, օգոստոսի 13-ի եւ սեպտեմբերի 17-ի աշխատանքային երկուշաբթի օրերը համապատասխանաբար տեղափոխել 2012թ. ապրիլի 14-ը, հուլիսի 21-ը, օգոստոսի 18-ը եւ սեպտեմբերի 29-ը` շաբաթ օրերը:
ՀԱՍԱՎ ԼԱՏՎԻԱ
Լատվիական ռուսալեզու Rus.db.lv կայքը հայտնում է, որ ընթացիկ շաբաթ Լատվիայի մայրաքաղաքի լավագույն հյուրանոցներից մեկի` «Ռիգա» հյուրանոցի սեփականատեր Բենիամին Գուրեւիչը 30 մլն լատիով (շուրջ 56.3 միլիոն ԱՄՆ դոլար) հյուրանոցը գրավադրել է Հայաստանի քաղաքական գործիչ եւ օլիգարխ Գագիկ Ծառուկյանին:
ՔՈՔԻՑ ԵՆ ԿՏՐԵԼ
«Մենք կտրուկ քայլ արեցինք եւ հանրային սննդի ոլորտում վերացրինք պարտադիր սերտիֆիկացման պահանջը, որը գոյություն ուներ: Հանրային սննդում պարտադիր սերտիֆիկացիան վերանում է»,-երեկ կառավարության նիստից հետո հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը` մեկնաբանելով կառավարության որոշումը, որով հանրային սննդի ծառայությունը հանվել է պարտադիր արտոնագրման ենթակա ցանկից: «Կան դեպքեր, որտեղ կարելի է գործողություններն իրականացնել քայլ առ քայլ, կան դեպքեր, որտեղ ուղղակի հարկավոր է քոքից կտրել: Մենք այսօր դա արեցինք»,-հավելել է էկոնոմիկայի նախարարը` շեշտելով, որ այս որոշմամբ դաշտում կոռուպցիոն ռիսկերը զրոյականացվեցին:
ԿԻՆ «ԳԱԻՇՆԻԿՆԵՐԸ»
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը որոշել է ճանապարհային ոստիկանության համակարգ ընդգրկել կանանց: Այս որոշումը Գասպարյանը հիմնավորել է նրանով, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ուժային կառույցներում իրենց ծառայության մեջ առավել անզիջում են եւ տղամարդ պետավտոտեսուչներից անհամեմատ անկաշառ:
ՎԱԽԵՆՈՒՄ Է
«Էս ինչի՞ ես պահել դեմս»,-ցույց տալով միկրոֆոնը` երեկ լրագրողին ասել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը` կառավարության նիստից հետո շտապելով հեռանալ: Նկատենք, որ նման գործունեության դեպքում միանգամայն բնական է բնապահպանության նախարարի վախը լրագրողներից ու միկրոֆոններից: