ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր ՀՀ կառավարության նիստից հետո ի պատասխան լրագրողների այն հարցին` կառավարության նախորդ ծրագիրն իրատեսական չէ՞ր, որ Հովիկ Աբրահամյանը հայտարարում է, թե կառավարության այս ծրագիրն իրատեսական է լինելու, նախարարն ասաց, որ կառավարության նոր ծրագիրը լինելու է այնպիսին, որ լինի մինիմալ ռիսկային ու մաքսիմալ արդյունավետ:
Նոր կառավարության կազմի մասին խոսելիս Ա. Աշոտյանն ասաց, որ այն համալրված է փորձառու կադրերով:
Արձագանքելով ՀՀ-ում ՌԴ դեսպանի հայտարարությանը, որում ասված է, թե հայ-ռուսական հարաբերությունների միջև սեպ խրող ՀԿ-ներ կան Հայաստանում, Արմեն Աշոտյանն ասաց, որ Հայաստանում ՀԿ-ներն ավելի մեծ դեր են ունենում:
Նրանց մի մասը պետականամետ ու հայաստանամետ է, բայց կան նաև կառույցներ, որոնք առաջնորդվում են` «ով վճարում է՝ նա պատվիրում է երաժշտությունը» սկզբունքով: «Սակայն, այս պահին օրենսդրական խախտումներով գործող ՀԿ-ներ Հայաստանում ես չգիտեմ»,- ասաց նախարարը` հավելելով, որ հայ և ռուս ժողովուրդների միջև ոչ ոք չի կարող սեպ խրել:
Սոնա Դավթյան