ԶԻՆՎՈՐԸ ՄԱՀԱՑԵԼ Է ԱՐՅԱՆ ԶԵՂՈՒՄԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնական տեղեկություն տարածեց, որ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի հրամանով դեկտեմբերի 11-ից մինչեւ 2012-ին հունվարի 30-ը ժամկետային զինծառայող Մհեր Հակոբյանը գործուղվել է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիա` 2012-ի հունվարին կայանալիք մեծահասակների բռնցքամարտի առաջնությանը մասնակցելու նպատակով: Սակայն այդ ընթացքում վերջինիս առողջական վիճակը կտրուկ վատացել է, ինչից  երեք օր անց նա հիվանդանոցում մահացել է: Մհերի  եղբայրը` Ավետ Հակոբյանը, «Ժողովուրդ»-ին ասաց, որ իր բռնցքամարտիկ եղբայրը մինչ այդ  առողջական խնդիրներ չի ունեցել:
Մահացած զինծառայող Մհեր Հակոբյանը դեկտեմբերի 15-ին` ժամը 01:55-ին, ծայրահեղ ծանր վիճակում ընդունվել է «Արմենիա» բժշկական կենտրոն` կոմատոզ վիճակ, ուղեղի արյան զեղում ախտորոշմամբ: Մհերին հիվանդանոց է տեղափոխել  նրա եղբայրը: Ցավոք, հիվանդանոցում զինվորի կյանքը փրկել չի հաջողվել:  Երեկ զրուցեցինք Մհեր Հակոբյանի եղբոր` Ավետ Հակոբյանի հետ, վերջինս շատ զայրացած էր լրատվամիջոցներով ոչ ճիշտ տեղեկություն հրապարակելու համար: Նախ նրան հունից հանել էր այն տեղեկությունը, որ ինչ-որ լրատվամիջոց գրել էր, թե զրուցել է ժամկետային զինծառայող Մհերի մայրիկի հետ. «Ես ուզում եմ էս մի անգամ ասեմ ու չեմ ուզում, որ անընդհատ մի բանի մասին խոսեն, որն իրական չէ, մեր մաման դեռեւս տասը տարի առաջ է մահացել, ու այսօր ինչ-որ լրագրող գրում ա, որ իմ մամայի հետ ա խոսել ու սենց անհեթեթություններ ու ստից բաներ, ինչի՞ համար են սուտ տեղեկություններ գրում, ես չեմ հասկանում»:
Ավետը շատ սրտնեղած էր նաեւ այն բանի համար, որ լրատվամիջոցներից  մեկն էլ գրել էր, թե Մհերն ի ծնե հիվանդություն է ունեցել. «Դա էլ է սուտ, գրել են` ի ծնե ա, տենց չի, Մհերի գլխի գլխավոր զարկերակն ա պայթել, հիմա արդեն էդ դիագնոզը կա, ու չեն կարում բացատրեն, թե էդ ինչից կարա լինի: Կարա տարիների ընթացքում առաջանա էդ հիվանդությունը, հիմա ոչ մեկն էլ չի կարա ասի` ինքը տենց հիվանդություն ունի՞,  թե՞ չէ»:
Մեր զրուցակցի խոսքերով` Մհերը 13 տարեկանից սպորտով է զբաղվել. «Մհերը Չարբախում էր ծառայում` համարյա  տարիուկես, ու իրան օրինական ուղարկել էին տուն, պետք է մասնակցեր բռնցքամարտի առաջնությանը: Մենք մեր տանն էինք, ու ինքը հանկարծակի վատացավ, ուշաթափվեց, ու ես եմ իրան տեղափոխել հիվանդանոց իմ ընկերոջ օգնությամբ»:
Հիվանդանոցում երեք օր գիտակցության չգալով` դեկտեմբերի 17-ին  ժամկետային զինծառայողը մահացել է: Ավետը վստահեցրեց, որ եղբայրը բանակում որեւէ խնդիր չի ունեցել, եւ նրա հանկարծակի մահը ոչ մի կապ չունի բանակի հետ:
Պարզեցինք նաեւ, որ Մհերը չորս  եղբայր ունի, նրանք բնակվում են Երեւանում` Շենգավիթ վարչական շրջանում, իսկ մեր զրուցակից Ավետը տղաներից ամենափոքրն է եւ նույնպես բռնցքամարտով է զբաղվում: «Բոլորս միասին ենք ապրում` մեր հոր հետ: Ու ես, որ լսում եմ, թե ինչեր են գրում,  ջղայնանում եմ, ուզում են բանակի հետ կապեն, բայց տենց բան չկա, տունն ա եղել ինքը, որ էդ դեպքը պատահել ա: Ես իրա բանակի ընկերներին էլ եմ ճանաչում, ամեն ինչ շատ նորմալ էր, ուղղակի ինքը կարող ա էդ խնդիրը փոքր ժամանակ էլ ա ունեցել, նոր ա էդ ամեն ինչն ի հայտ եկել»,-նշեց Ավետը:
Մեզ հետ զրույցի ժամանակ Ավետի ձեռքի մեջ ինչ-որ խաչ էր, վերջինս այն շատ ամուր պահել էր իր ափի մեջ: Տեղեկացանք, որ այդ խաչն իր եղբորն է պատկանել. Մհերին վերջին օրը հիվանդանոցում կնքել են, չնայած վերջինս անգիտակից վիճակում է եղել:
Զրուցեցինք նաեւ Մհեր Հակոբյանի մարզչի` Արթուր Մելքումյանի հետ, ով նշեց, որ իր համար շատ ցավալի է խոսել կյանքից այդքան վաղ հեռացած իր սանի մասին: «Մհերը երեք անգամ Հայաստանի չեմպիոն է դարձել, 2008 թվականին Եվրոպայի առաջնությունում 5-րդ տեղն է գրավել: Մի արտակարգ անձնավորություն էր, մենք շատ լավ ընկերներ ենք եղել, չնայած տարիքային առումով մեծ տարբերություն կար: Ինքն առողջական որեւէ խնդիր չի ունեցել, եւ անհասկանալի է, թե ինչու նման դեպք պատահեց»,-նշեց Մհերի մարզիչը:
Երեկ ՀՀ ՊՆ քննչական ծառայության մամլո խոսնակ Մերի Սարգսյանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում դեռեւս նյութեր են նախապատրաստվում:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս