Դեկտեմբերի 20-ին Իջեւանի մշակույթի տանը կայացավ Տավուշի մարզի գործարարների (գործատուների) առաջին ֆորումը: Դեռեւս այս տարվա մայիս ամսին մարզի մի խումբ գործարարներ հիմնադրել էին Տավուշի գործարարների միությունը: Տեղի ունեցավ միության պաշտոնական բացումը` ավելի ընդլայնված կազմով: Ֆորումին մասնակցում էին Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը, մարզի գործարարներ, ֆերմերներ, այս տարի ստեղծված գյուղատնտեսական կոոպերատիվների նախագահներ, ինչպես նաեւ Տավուշի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Վարդգես Հովակիմյանը: Ֆորումը վարում էր Տավուշի մարզի գործարարների տարածքային միության նախագահ, Տավուշի մարզի միջազգային հայրենակցական միավորման նախագահ Սերգեյ Բարսեղյանը: Միջոցառումն օրհնեց Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Թորգոմ վարդապետ Տոնիկյանը: Ելույթով հանդես եկավ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, հայտարարվեց այդ միության Տավուշի մասնաճյուղի ստեղծման մասին: Ֆորումի ժամանակ որոշվեց դիմել կառավարություն, որպեսզի կառավարության նիստերից մեկում քննարկվի սահմանամերձ, ինչպես միջոցառման ժամանակ նշվեց` «սահմանապահ» գյուղերում բիզնես սկսելու համար արտոնություններ սահմանելու հարցը: Զարմանալի է, որ նման կարեւոր միջոցառմանը չէին մասնակցում Տավուշի մարզպետն ու մարզպետարանի աշխատողները: Մարզպետը ֆորումին անգամ ողջույնի խոսք չէր հղել: Նկատենք, որ ֆորումը դիմել է կառավարությանը սահմանամերձ գոտում բիզնեսի համար արտոնություններ տրամադրելու հարցով, իսկ կառավարության տարածքային ստորաբաժանումը` մարզպետարանը, տեղում չի մասնակցում գործարար այդ համաժողովին: Ֆորումի ընթացքում ներկայացվեցին ՄԱԿ-ի կատարած հետազոտության արդյունքները, որոնք արտացոլում էին Տավուշի մարզում ձեռնարկատիրության եւ գյուղատնտեսական մթերքների արտադրության, վերամշակման եւ արտահանման փաստացի կարողությունները եւ զարգացման հնարավորությունները: Անհասկանալի է, մի՞թե մարզպետարանին չի հետաքրքրում գյուղամթերքների արտադրության, վերամշակման եւ արտահանման ոլորտներում առկա խնդիրների եւ հնարավորությունների մասին հեղինակավոր այդ կառույցի զեկույցը: Թե՞ Տավուշի մարզպետարանում այդ ամենին լավատեղյակ են եւ առանց գործարար ֆորումի ու ՄԱԿ-ի զեկույցի էլ գիտեն իրավիճակն ու իրենց անելիքները: Եթե այդպես է, ապա ինչո՞ւ են Տավուշի մարզում ներդրումներն այդքան քիչ, իսկ գործազրկության խնդիրը` այդքան սուր:
Տավուշ