6 ՁՄԵՌ ՊԱՊ, 4 ՁՅՈՒՆԱՆՈՒՇ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հրանտ Թոխատյանն ու Լուիզա Ներսիսյանն իրենց գալիք Նոր տարին կնշեն Հայաստանից դուրս: Սակայն, ինչպես մեզ տեղեկացրեց Լուիզան, իրենք արդեն զարդարել են իրենց տան տոնածառը:
-Մենք նախապատրաստվում ենք տոնին, մեր տանն արդեն տիրում է տոնական տրամադրություն, բոլոր լույսերը վառվում են, զարդարել ենք տունը: Մեզ դա ուրախացնում է, կապ չունի` էստեղ ենք լինելու, թե ոչ: Թող կողքիդ լինեն քո հարազատները, ընկերները, ամենամտերիմ մարդիկ:
-Որտե՞ղ եք դիմավորելու Նոր տարին:
-Երեւի թե Եգիպտոսում: Միշտ չի էդպես ստացվում, որ դուրս գնանք: Հետո վայրն այդքան էլ կարեւոր չէ, կարեւորը` ում հետ ես դիմավորում: Մենք ընտանիքով եք մեկնելու: Ընդամենը 10 օրով: Սա առաջին տարին չէ, որ մենք դրսում ենք անցկացնում Նոր տարին, մի երկու անգամ էլ է այսպես եղել: Նոր վայրում տոն նշելն  իր հետ հետաքրքրություն է բերում: Մի տարին մյուսին նման չի լինում:
-Իսկ երբ Հայաստանում եք նշում, մինչեւ ուշ գիշեր եփում-թափո՞ւմ եք:
-Ո՛չ, ես այդ ամենը փորձում եմ առավոտյան անել, որ երեկոյան բոլորս լինենք սեղանի շուրջ: Բնականաբար, վերջին վայրկյանին ինչ-որ մի բան միշտ հասցրած չեմ լինում:
-Ամանորը քիչ ծախս չի պահանջում:
-Կոնկրետ չենք հաշվում, դե ինչքան կստացվի: Պարզապես տոնում ես, գումարդ չես հաշվում: Ամեն մեկն իր գրպանի չափով պետք է ծախսի: Ես չեմ ընդունում, որ ցուցադրական կամ հատուկ ինչ-որ բաներ են անում, պարզապես անում ես քո հոգու ջերմության ու քո տոնի համար: Սեղանին կարող է լինել շատ քիչ բան, բայց այդ ջերմությունը պահպանված լինի: Եթե գումար չունես, պարտք մի՛ արա, պարզապես փորձի՛ր ուրիշ ձեւ նշել Նոր տարին: Դա հո չի՞ նշանակում, որ դու ավելի վատ ես անցկացնում, նորից եմ ասում` կարեւորը տրամադրությունն է: Մարդ պետք է գոհանա նրանով, ինչ ունի: Ես ճիշտ չեմ համարում, երբ ամբողջ ֆինանսը դնում են Նոր տարին դիմավորելու պրոցեսի վրա, հետո ամսի 10-ին առանց ոչ մի բանի նստում: Բայց մեր հայերի մոտ դա շատ ընդունված բան է: Ու միշտ այդ սեղանի կեսը թափվում է, որովհետեւ բոլորի սեղաններին էլ նույն բանն է դրված: Կարելի է մտերիմներով միասին հավաքվել մեկի մոտ: Ով ինչ ունի` իր հետ բերի, դնեն սեղանին ու ընդհանուր խնջույք անեն: Իսկ եթե պետք է նեղված դիմավորես տարին, քանի որ ինչ-որ բաներից քեզ զրկել ես, արդեն սխալ է:
-Է՞լ ինչը չեք սիրում Նոր տարվա մեջ:
-Երբ այդ տարի սպասում ես ձյան, բայց այն չի գալիս: Ուրիշ վատ կողմ չունի Նոր տարին: Նրա գալը ենթադրում է նոր սպասումներ, իղձեր: Ես տոներ շատ եմ սիրում ու փորձում եմ անընդհատ տոն դարձնել իմ կյանքը: Շատ սիրում եմ այդ օրը նվեր մատուցել, կարեւոր չէ` ինչ տեսակի նվեր է, կարեւորը` անակնկալ լինի այդ պահին: Նվերը ծառի տակից հանելու պրոցեսն է գրավիչ:
-Ի՞նչ նվեր եք նախատեսել Ձեր ամուսնուն, մայրիկին, դստերը:
-Կոնկրետ չեմ որոշել, դեռ մի քանի օր ունեմ: Բայց նրանք անպայման կգտնեն իրենց նվերը տոնածառի տակ:
Ի դեպ, Լիլիթիկն արդեն նամակ է գրել Ձմեռ պապիկին: Նա խնդրել է, որ այս տարի ունենա Բարբի տիկնիկի տղային` Քենին: Անպայման կստանա այդ նվերը:
-Դուք ի՞նչ եք ցանկացել որպես նվեր:
-Ես նյութական բաներ չեմ ուզում, ոչ էլ Ձմեռ պապիկից եմ բան ակնկալում, գալիք տարուց ունեմ ակնկալիքներ: Թող տարին լի լինի աշխատանքով, հաջողությամբ ու խաղաղությամբ:
-Իսկ Ձեր ամուսնուց ի՞նչ եք խնդրելու:
-Ամուսնուցս միայն Նոր տարվա գիշերը չեմ խնդրում, այլ ամբողջ տարվա ընթացքում եմ ինչ-որ բաներ ուզում: Եգիպտոսի ուղեւորությունը կարելի է նվեր համարել:
-Պատահե՞լ է, որ բալիկի համար Ձմեռ պապ կամ Ձյունանուշ հրավիրեք:
-Պատահել է, բայց ոչ թե  բալիկի, այլ մեզ համար: Եկել էր 6 Ձմեռ պապ եւ 4 Ձյունանուշ: Դա մի 5 տարի առաջ էր: Ընկերներով հավաքվել էինք մեր տանը: Դե հյուրերը շատ էին, ամեն մեկին մի Ձմեռ պապ կամ Ձյունանուշ պետք է հասներ: Էսպես ասած, ամեն մարդ իր փայ Ձմեռ պապն ունենար:
-Ի՞նչ հրաշքի եք սպասում գալիք 2012-ին:
-Չկա էդպիսի մի բան: Փոքր նպատակներ կան: Ես հասել եմ այն տարիքին, երբ գիտակցում եմ, որ պետք չէ նստել ու սպասել, թե երբ դրանք կիրականանան, այլ պետք է ինքդ դրանք իրագործես: Ուզում եմ այնքան ուժ ու հնարավորություն ունենալ, որ կարողանամ իմ բոլոր երազանքներն ի կատար ածել:
-Ի՞նչ կմաղթեք մեզ:
-Որ լինեք ուժեղ ու եռանդուն, որ կարողանաք դիմակայել ամեն տեսակ դժվարություններին ու փորձեք լավատես լինել ոչ միայն տոն օրերին, այլ ամբողջ կյանքի ընթացքում: Դժվարությունները հաղթահարե՛ք լավատեսության  շնորհիվ:

ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս