ՀԱՐՑ. ԱՊՊԱ համակարգի ներդրման հետեւանքով մայրաքաղաքի բանուկ փողոցներում խցանումները շատացել են, քանի որ 2 մեքենաներ կարող են միմյանց թույլ բախվել, իրար թեթեւ քերծվածք պատճառել, բայց արդյունքում խաթարվի երթեւեկությունը, եւ ժամերով փակ մնան ավտոճանապարհները: Ճանապարհային ոստիկանությունն այս առնչությամբ ի՞նչ է մտածում:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառով առաջացող խցանումների խնդիրը ճանապարհային ոստիկանության, Կենտրոնական բանկի եւ «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կողմից քննարկվել է:
Նախնական պայմանավորվածության համաձայն` նախատեսվում է համապատասխան իրավական ակտերում կատարել փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան պատահարի վայրը, պատահարին մասնակից տրանսպորտային միջոցները, ինչպես նաեւ պատահարին առնչություն ունեցող այլ առարկաները լուսանկարելուց (տեսանկարելուց) հետո տրանսպորտային միջոցները դուրս բերել երթեւեկելի մասից` ազատելով ճանապարհները խցանումներից, իսկ ապահովագրական ընկերություններն այդ լուսանկարների (տեսանյութի) հիման վրա կիրականացնեն հատուցում:
ոստիկանության գնդապետ Արսեն Գալստյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պարզ է, որ խցանումները երկար են տեւում, քանի որ կողմերը դժվարությամբ են համաձայնության գալիս: Սակայն, մյուս կողմից, կասկածից դուրս է, որ տեղի ունեցածը լուսանկարներով «պարզաբանելը» շատ ավել երկար է տեւելու: