ՀԱՐՑ. Տարբեր պաշտոնական այցերի ընթացքում ի՞նչ սկզբունքով է ընտրվում պատվիրակությունների կազմը: Միջինը քանի՞ անդամներից է բաղկացած լինում, եւ պետությունը մոտավորապես որքա՞ն միջոցներ է ծախսում նման այցելությունների վրա:
ՊԱՏԱՍԽԱՆ. Արտգործնախարարի գլխավորած պաշտոնական պատվիրակությունների կազմում ընդգրկվում են համապատասխան ստորաբաժանման ղեկավարը, տվյալ երկրում ՀՀ դեսպանը, ԱԳՆ մամուլի քարտուղարը եւ այցելության հետ առնչություն ունեցող այլ դիվանագետներ, ինչպես նաեւ դեսպանության անձնակազմը: Պատվիրակության անդամների քանակը կախված է այցելության եւ նախատեսված հանդիպումների բովանդակությունից: Սովորաբար պաշտոնական այցելությունների պարագայում պատվիրակության կեցության եւ երկրի ներսում տեղափոխումների հետ կապված ծախսերը հոգում է ընդունող կողմը:
մամլո քարտուղար Տիգրան Բալայան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ԱԳՆ պատասխանը դիվանագիտական ձեւակերպում ունի: Հայաստանից ուղեւորվող պատվիրակների հիմնական կազմն է թվարկվում, ու այդպես էլ չի կոնկրետացվում, թե ամեն անգամ գոնե մոտավորապես միջինը քանի մարդ է մեկնում: Սա այն խնդիրներից է, որին գոնե ԶԼՄ-ները մշտապես քննադատաբար են մոտեցել` տարբեր առիթներով պարզելով ու հրապարակելով, որ Հայաստանից մեկնող պատվիրակությունների կազմը մշտապես գերազանցում է ամենաանհավանական թիվը: Ակնհայտ է, որ պետության հաշվին Հայաստանից մեկնող պատվիրակության կազմի մեջ շատերն են ձգտում խցկվել: Այլ հարց է, որ ուղեւորությունների համար հսկայական միջոցներ են ծախսվում, իսկ արտգործնախարարության պատասխանում հատկացվող գումարների մոտավոր չափ անգամ չի նշվում: