
Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների` վերջին 3 տարիների ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՀՀ քաղաքացիների դիմումի հիման վրա կայացրել է 27 վճիռ, որից 20-ը դատարանը բավարարել է: Արդյունքում` ՀՀ կառավարությունը որպես փոխհատուցում է վճարել ընդհանուր առմամբ 128 հազար 520 եվրո գումար: Բացի այդ, կառավարությունը մոտ 100 հազար եվրո փոխհատուցում էլ պետք է վճարի Բուզանդի փողոցի բնակիչներին` նրանց սեփականության իրավունքը ոտնահարելու համար: Սակայն դա պետք է անի երեք ամիս հետո, երբ վճիռն ուժի մեջ կմտնի: Նախկին դատավոր Պարգեւ Օհանյանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ իրավաբանության մեջ կա «ռեգրեսիվ հայց» հասկացությունը, երբ պետությունը կարող է ԵԴ վճռի համաձայն քաղաքացուն փոխհատուցում տրված գումարը բռնագանձել այն պաշտոնյաներից ու դատավորներից, որոնց գործողությունների արդյունքում ոտնահարվել է իրավունքը, եւ տուժել է պետությունը: