Երբ դասալիքները դառնում են հերոս, իսկ հերոսները՝ անտեսված (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդունված է ասել, որ հաղթանակը հազար տեր ունի, իսկ պարտությունը որբ է: Եվ մայիսյան այս հաղթանակները ևս մեկ առիթ են՝ խորհելու, թե ովքեր «շահեցին» մեր նորանկախ երկրի հաղթանակներից, իսկ ովքեր են մնացել որբի կարգավիճակում:

Հասարակական շերտավորումը հետզետե բերեց և հանգեցրեց այն իրավիճակին, որ տարիներ առաջ նույն ամանից հաց կերած, նույն հագուստը կրած մարդիկ բաժանվեցին իրարից: Արցախյան պատերազմի տարիներին մեր երկրի անկախության համար կռիվ տվող մարտիկների մի մասն այսօր «ջիպերով» է շրջում, իսկ մի մասն էլ՝ օրվա հացի գումարը հազիվ է կարողանում վաստակել:

Եվ փոխանակ գոնե այս օրերին արցախյան գոյամարտի մասնակիցները ըստ արժանվույնս գնահատվեն՝ դարձյալ ստացվում է ինչպես միշտ: Նրանք, ովքեր այս կամ այն կերպ կանգնած են գործող իշխանության կողքին, գրեթե ամեն տարի մեդալներով ու շքանշաններով են պարգևատրվում: Իսկ նրանք, ովքեր գլուխները կախ իրենց օրվա հացն են փորձում վաստակել, շարունակում են չգնահատված մնալ:

Այսօր մեր կողքին կան իսկապես ազգի հերոս ազատամարտիկներ, որոնք վաղուց մոռացվել են «ջիպավոր» գեներալների ու իշխանության մանկլավիկների կողմից, և տարիներ շարունակ հաղթանակի տոները շրջանցում են նրանց:

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք մարդկանց մեդալներ ու պարգևներ է շնորհել: Անշուշտ, նրանց մեջ կան արժանիները: Բայց մեծ մասամբ այդ ցուցակում հայտնվածները «գնահատվել են», քանի որ կարողացել են ներթափանցել դեպի իշխանական բուրգ:

Այսպիսով՝ բոլոր այն ազատամարտիկները, որոնք չեն առնչվում ՀՀ պաշտպանության նախարարության, «Երկրապահ կամավորականների միության» կամ ՀՀ նախագահի նստավայրի հետ, մնում են չգնահատված: Եվ ստացվում է, որ ամեն տարի մեդալ ու շքանշան են ստանում հիմնականում նույն շրջանակին մոտ կանգնած մարդիկ: Ահա թե ինչպես են մեր օրերում գնահատվում ազգի նվիրյալները:




Լրահոս