Տարոն Մարգարյանը` ի հեճուկս «կռկռացողների»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետական կուսակցությունն ու նրա ներկայացուցիչները չեն դադարում զարմացնել  «Ապահով  Հայաստանի»  քաղաքացիներին:

Իշխող կուսակցության ներկայացուցիչները,  հասկանալով, որ իրենք իրականում  «տոկոս խփող» և կոմունիստական մտածելակերպով առաջնորդվող  մի խումբ են, չեն վայելում ժողովրդի վստահությունն ու հարգանքը, անցել են  «ախմախ»  ու արհեստական մի մեթոդի` առիթը բաց չեն թողնում ոչ միայն միմյանց հասցեին գովեստներ շռայլելու, այլև երկրի կարևորագույն խնդիրները թողած ` որոշել են այդ գովեստներին  պաշտոնական  տեսք տալ:

Խոսքը  վերաբերում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որն իր վարկանիշը բարձրացնելու համար ստեղծել է  հանձնաժողով: Թե ինչ չափորոշիչներից  ու փորձից ելնելով է  « հրաշամանուկ» քաղաքապետը նման որոշում կայացրել,  միայն  իրեն է հայտնի,  բայց այն, որ վարկանիշի բարձրացման համար  հանձնաժողով ստեղծելու  գաղափարը ուղղակի զավեշտ է՝  փաստ է:

Պատկերացնում եք` օրինակ ժողովրդի կողմից սիրված ու հարգված  Կարեն Դեմիրճյանը  կամ մի հսկա նախարարություն կայացրած Արմեն Երիցյանը  նման հանձնաժողով ստեղծեին: Ծիծաղելի է, չէ՞, բայց  Տարոն Մարգարյանը  սրան արի ու տես որ շատ լուրջ է  վերաբերվում:

Ընդ որում` զարմանալին այն է, որ հանձնաժողովում ընդգրկված  ՀՀԿ-ական տիկնոջ՝ Մարգարիտ Եսայանի հայտարարությունն ու ստեղծված հանձնաժողովի նպատակն իրար հակասում են: Ինչպե՞ս կարելի է հասկանալ`  Մ. Եսայանի այն հայտարարությունը, թե Տարոն Մարգարյանի հեղինակությունն այսօր շատ բարձր է: Հարց է առաջանում, եթե գործող քաղաքապետի  վարկանիշն իրոք բարձր է՝  հանձնաժողով ստեղծում եք, որ ի՞նչ անեք:

Այդ ինչ խորհուրդներ պետք է տան հանձնաժողովում ընդգրկված 16 անդամները, որ չեն տալիս քաղաքապետի 6 խորհրդականները: Եվ ի վերջո, եթե հանձնաժողովը գործելու է հասարակական, այսինքն` անվճար հիմունքներով,  ի՞նչ կարիք կա ժողովրդի հարկերից աշխատավարձ ստացող վեց խորհրդարական պահել:

Ի դեպ, հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանի  վարկանիշի անկումը սկսվեց նախորդ տարի ավագանու ընտրությունների ժամանակ  Տ. Մարգարյանի հայտարարագրում ամրագրված ունեցվածքի հրապարակմամբ, որով պատռվեց ավանցիների ամենասիրելի  թաղապետի  դիմակը: Դրան հաջորդեց տրանսպորտի սակագնի  բարձրացման  ու տապալված փորձը, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ  «երևանցիների դարդ ու ցավի» վրա ևս մեկ ցավ ավելացնելու անհաջող փորձ:

Թե ինչպես  է առաջիկայում աշխատելու քաղաքապետի վարկանիշի բարձրացման  համար ստեղծված հանձնաժողովը,  ցույց կտա ժամանակը, բայց մի բան ակհայտ է`   մայրաքաղաքը հազար ու մի խնդիր ունի, որոնք քաղաքապետից քաղաքապետ մնացել են չլուծված: Եվ եթե քաղաքապետն իրոք ցանկանում է երևանցիների աչքում բարձր հեղինակություն վայելել՝ այդ 16 հոգանոց խորհրդի անդամների  ներուժը կարող է ծառայեցնել  խնդիրների լուծման նպատակին: Իսկ առայժմ այլ բան չի մնում ասել, քան այն, որ  Տարոն Մարգարյանն այս ամենը անում է  ի հեճուկս «կռկռացողների»:

Սոնա Դավթյան




Լրահոս