ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԵՎՐՈՏՈՒԳԱՆՔՆԵՐ` ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԵՐԵՍԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդդիմության հնչեցրած գնահատականները, թե այս իշխանությունների պաշտոնավարման յուրաքանչյուր օրը երկիրը տանում է կործանման, ամենեւին էլ չափազանցություն չեն: Բացի այն, որ վարչախումբը հետեւողականորեն ձախողումներ է գրանցում բոլոր ոլորտներում, իսկ Հայաստանի վարկանիշն էլ միջազգային ասպարեզում հավասարեցնում գրեթե զրոյի, մյուս կողմից էլ ՀՀ քաղաքացիներին ստիպում են սեփական գրպանից վճարել իրենց հանդեպ կատարած ապօրինությունների համար: Խոսքը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից ՀՀ քաղաքացիների դիմումների հիման վրա կայացված վճիռների մասին է, որոնցով իշխանությունները պետական բյուջեի սուղ միջոցներից հսկայական չափերի հասնող փոխհատուցումներ պետք է վճարեն:
Պաշտոնական վիճակագրությունը ՄԻԵԴ դիմած գործերով բավական հետաքրքիր պատկեր է բացահայտում. վերջին 3 տարիների ընթացքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ՀՀ քաղաքացիների դիմումի հիման վրա կայացրել է 27 վճիռ: ՄԻԵԴ-ը մեծամասամբ բավարարել է ՀՀ քաղաքացիների բողոքները` հիմնավորված համարելով այն, որ Հայաստանի երեք ատյանի դատարաններն էլ ոտնահարել են մարդկանց իրավունքները: Բավարարված 20 վճիռներով ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է ՀՀ կառավարությանն ընդհանուր առմամբ 128 հազար 520 եվրո վճարել քաղաքացիներին: Նշենք, որ ամենամեծ փոխհատուցումը սահմանվել է «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիր «Մելտեքս» ՍՊԸ հայցի հիման վրա` 30 հազար եվրոյին համարժեք դրամ: Շեշտենք, որ խոսքն արդեն իսկ ուժի մեջ մտած վճիռների մասին է: Մինչդեռ, ինչպես հայտնի դարձավ նախօրեին, կառավարությունը մոտ 100 հազար եվրո փոխհատուցում էլ պետք է վճարի Բուզանդի փողոցի բնակիչներին` նրանց սեփականության իրավունքը ոտնահարելու համար. այս վճիռն ուժի մեջ կմտնի երեք ամիս հետո: Այսինքն` հաջորդ տարվա բյուջեից մոտ 50 մլն դրամ էլ կառավարությունը պետք է վճարի դրա համար:
Նկատենք, որ ՀՀ քաղաքացիների` ԵԴ բողոքները միայն այսքանով չեն սահմանափակվում: ԵԴ-ն դեռեւս չի ավարտել մարտի 1-ի գործով անցնող քաղբանտարկյալների բողոքների քննությունը: Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի տեղեկացմամբ` մարտի 1-ի գործով անցնող քաղբանտարկյալների մոտ 60 գործ է ուղարկվել ԵԴ: Բացի այդ, ԵԴ-ն վարույթ է ընդունել նաեւ իրենց քաղաքացիական դիրքորոշման համար աշխատանքից ապօրինաբար ազատված ՀՀ  նախկին դիվանագետների դիմումը: Կասկած չկա, որ ԵԴ են դիմելու նաեւ Ռոբերտ Քոչարյանի ու մյուս օլիգարխների հայցերի հիման վրա տուգանված ընդդիմադիր թերթերի խմբագրությունները: Ու եթե հաշվի առնենք նախադեպերը, դժվար թե որեւէ մեկը կասկածներ ունենա այս գործերի ճակատագրերի վերաբերյալ: Քաղաքական հետապնդում պարունակող այս գործերով եւս ԵԴ վճիռները կլինեն հօգուտ դիմողների:
Փաստորեն ստացվում է, որ իշխանությունների կատարած ապօրինությունների համար ՀՀ քաղաքացիները վճարում են կրկնակի. բավական չէ այն փաստը, որ ռեժիմի ապօրինությունների հետեւանքով ոտնահարվում են մարդկանց իրավունքները, այդ ամենի համար փոխհատուցումը եւս վճարում է ՀՀ քաղաքացին` իր վճարած հարկերից գոյացած պետական բյուջեի միջոցներից: Մինչդեռ, շատ ավելի տրամաբանական կլիներ, եթե ՀՀ օրենսդրությամբ նաեւ սահմանվեր, որ այս փոխհատուցումը վճարեին բոլոր երեք աստիճանների այն դատավորները, որոնք քննել ու ապօրինի որոշում են կայացրել ԵԴ բողոքարկված ու դրական լուծում ստացած գործով: Խոստովանենք, նման պրակտիկայի դեպքում որեւէ մեկի մտքով չէր անցնի այդպես անխնա կերպով ոտնահարել օրենքը կամ կատարել Բաղրամյան 26-ի հրահանգները (գաղտնիք չէ, եթե Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ դատավճիռները հիմնականում Արմեն Գեւորգյանն էր թելադրում, ապա Սերժ Սարգսյանի օրոք` նրա փեսա, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Միքայել Մինասյանը):
Նախկին դատավոր, իրավագիտության թեկնածու Պարգեւ Օհանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրավահարաբերության տեսանկյունից քաղաքացին ԵԴ բողոքը ներկայացնում է ոչ թե իր գործը քննած դատավորների, այլ պետության դեմ: Հետեւաբար այդ գործով պատասխանողը, ուստի նաեւ քաղաքացուն պատճառած վնասը փոխհատուցողն էլ հենց պետությունն է լինում: Սակայն, ըստ նրա, կա «ռեգրեսիվ հայց» հասկացությունը, երբ պետությունը կարող է իրեն պատճառված վնասը բռնագանձել այն պաշտոնյաներից, որոնց գործողությունների արդյունքում ստեղծվել է նման իրավիճակ: «Օրինակ, եթե տրոլեյբուսը վրաերթի է ենթարկում քաղաքացուն, ապա վերջինս հայց է ներկայացնում ոչ թե տվյալ վարորդի, այլ հենց տրոլեյբուսային պարկի դեմ: Պարկը փոխհատուցում է քաղաքացուն, հետո ռեգրեսիվ հայցով իր վարորդից բռնագանձում է գումարը»,-նշեց Օհանյանը: Ըստ նրա, եթե ռեգրեսիվ հայցի մեխանիզմը կիրառվեր նաեւ դատավորների դեպքում, ապա «դրանով կզգաստացներ դատավորներին, կբարձրացներ պատժի անխուսափելիությունը, մի բան, որը, ցավոք, մեզանում իսպառ բացակայում է. առավել եւս, երբ պաշտոնյան վստահ է, որ ինչ-ինչ ծառայությունների դիմաց ինքն արտոնություններ կստանա»:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս