Հայաստանում ՌԴ դեսպան Վոլինկինի հայտարարության մասին armlur.am-ը զրուցեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ:
Նշենք, որ դեպսանը հայտարարել էր, թե պետք է զբաղվել այն ՀԿ-ների չեզոքացմամբ, որոնք սեպ են խրում հայ-ռուսական հարաբերություններում:
– Պարո՛ն Հարությունյան, ինչպե՞ս եք գնահատում ՌԴ դեսպանի հայտարարությանը:
– Դեսպանի հայտարարությունը ես առաջին հերթին գնահատում եմ որպես ինքնախոստովանություն այն իմաստով, որ, ըստ էության, Հայաստանում Ռուսաստանի բոլոր դեսպանները բավարարվում են իշխանությունների հետ «ախպերություն» անելով` հույս ունենալով, թե խնդիր չունեն: Այսինքն՝ հասարակությունը, հասարակական շերտը իրենց չի հետաքրքրել:
Հիմա, ըստ էության, իրենք «խելքի են եկել»: Հիմա հասկանում են, որ հասարակությունը կարևոր է, և կարելի է ասել, իրենք ետին թվով փորձում են սրբագրել: Նման հայտարարություններ չեն անում: Դա նաև նրանից է, որ Հայաստանի իշխանություններն էնքան են նսեմացել Հայաստանն աշխարհի առաջ, որ դեսպաններն են իրենց նման հայտարարություն թույլ տալիս:
– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում ՌԴ դեսպանի գործունեությանը Հայաստանում:
– Մենք, օրինակ, ավելի շատ լսում էինք ԱՄՆ-ի դեսպանի հայտարարությունները, քան՝ Ռուսաստանի: Ռուսաստանի դեսպաններն առանձնապես շփումներ չեն ունենում: Բնական է, որ բոլոր դեսպանություններն էլ աշխատանքներ տանում են, բայց ամենապասիվը հենց Ռուսաստանի դեսպանությունն է:
– Իսկ ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է հենց հիմա նման հայտարարություն արվում նրանց կողմից:
Ես գիտեմ, թե ինչու է հիմա արվել: Պատճառներից մեկը նաև այնն էր, որ Հայաստանում երկար ժամանակ հակառուսական քարոզչություն էր տարվում: Այն ուժերը, որոնք հակառուսական դիրքերից են հանդես գալիս, թող իրենք ներեն ինձ, բայց հիմնականում ֆինանսավորվում են Բաղրամյան 26-ից: Իրենք, ասենք, պահանջում են Պուտինի հրաժարականը, վատ-վատ բաներ են ասում Պուտինի մասին, հակառուսական քարոզչություն են անում, բայց Սերժ Սարգսյանի մասին մի հատ թթու խոսք չեն ասում:
Ակնհայտ է, որ այդ ուժերը ֆինանսավորվում են և պատվեր են կատարում: Հիմա այս պահին ոչ մեկը խոսք չի ասում ԱՄՆ-ի դեսպանի հայտարարության մասին, որն ավելի լուրջ հայտարարությունն էր: Այստեղ տարածքների հարց է գնում, բայց այդ ուժերը ոչինչ չեն ասում: Որովհետև պատվեր է իջեցված կոնկրետ Ռուսաստանի դեմ պայքարել: (ԱՄՆ դեսպան Ջեյսմ Ուորլիքը հայտարարել էր, թե օկուպացված տարածքները պետք է Ադրբեջանին վերադարձնել. – խմբ.):
Հիշեցնենք, որ Վոլինկինի հայտարարությանն արձագանքեցին ՀԿ-ները, որոնք կոչ էին անում ՀՀ իշխանություններին կարգի հրավիրել ՌԴ դեսպանին: Ի տարբերություն այլ դեպքերի՝ այս հայտարարությանն արագ արձագանքեց նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, նշելով, որ չեն կարծում, թե որևիցե հասարակական կազմակերպություն ի զորու է սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի միջև: