Օդեսսայի հրեաները քաղաքից տարհանման ծրագիր են նախապատրաստել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելական The Jerusalem Post կայք-էջում հրապարակված հոդվածում ասվում է, որ Օդեսսայի հրեական համայնքը պատրաստվում է արտակարգ տարհանման` քաղաքում բռնության աճի դեպքում:

Հրեական համայնքի ղեկավարները միաձայն պնդում են, որ քաղաքում կատարվող իրադարձությունները հակասեմիթական ուղղվածություն չունեն: Չնայած դրան՝ հրեաները մտավախություն ունեն, որ իրադրության վատթարացման դեպքում ամեն բան կարող է փոխվել: Հրեական դպրոցների և մանկապարտեզների ցանցի, ինչպես նաև՝ մեծահասակների աջակցության «Տիկվա» կազմակերպության պատասխանատու Ռաֆայել Կրուսկալը հայտնել է, որ մայիսի 2-ի բախումների ժամանակ մի քանի հրեա է զոհվել:

Նրա խոսքով՝ իրավիճակի բարդացման դեպքում հրեական համայնքը ստիպված է նախազգուշական միջոցներ ձեռնարկել: Մասնավորապես, անկարգությունների պատճառով քաղաքի կենտրոնից հեռացվել են բոլոր ուսանողները, համայնքի բոլոր անդամներին WhatsApp-ի միջոցով հաղորդագրություններ են հղել` առանց անհրաժեշտության տանից դուրս չգալու խնդրանքով:

Կրուսկալի խոսքով՝ իրադրության վատթարացման դեպքում հրեական համայքն ունի քաղաքից երեխաների տարհանման ծրագիր: Նա չի բացառում, որ երեխաները կարող են «Ուկրաինայից այլ երկիր տեղափոխվել», սակայն գերադասել է չճշտել, թե ուր:




Լրահոս